Երբ 35 տարբեր ազգերի ներկայացուցիչներ երգում են հայերեն. բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է ներկայացրել (Տեսանյութ և լուսանկարներ)
Բելգիահայ երգչուհի Keyoh-ը նոր տեսահոլովակ է թողարկել, որը ոգեշնչված է հայերեն բառերով եւ ռիթմերով: Երգչուհին իր առջեւ նոր առաքելություն է դրել` Բելգիայում տարածել հայկական ռիթմերը: Նրա նոր` «Yaribo» տեսահոլովակում նրան հայերենով ձայնակցել են ավելի, քան 35 երկրների ներկայացուցիչներ:
«Որոշել եմ մի փոքր փոխել իմ երաժշտական ոճը: Միշտ ցանկացել եմ երգել հայերեն, բայց մի քանի տարվա պայմանագիր ունեի իմ մենեջերների հետ, ըստ որի երգում էի այն, ինչ ինձ համար գրում էին: Հիմա ամեն ինչ այլ է: Ուրախ եմ, որ ամբողջովին կարող եմ արտահայտվել այն ոճում, որն ինձ, իսկապես, դուր է գալիս: Այ սա` ես եմ: Սա այն է, ինչ ես ցանկանում եմ անել: Քանի որ իմ երգերը հնչում են նաեւ բելգիական ռադոալիքներով, սա ինձ համար լավ հնարավորություն է այստեղ հայերենը ներկայացնելու: Կարծում եմ` բելգիացիները բաց են նոր ոճերի առաջ, երբ երաժշտությունը ճաշակով է ներկայացված»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում, անդրադառնալով իր նոր աշխատանքին, նշեց Keyoh-ը:
«Յարիբո» արտահայտությունը «յարի բոյ»-ի կրճատ տարբերակն է, որն ավելի հեշտ հիշվող է եվրոպացիների համար:
«Հնարավոր է` մի օր ամբողջական հայերեն երգ երգեմ, բայց առայժմ հայերեն գրելու իմ կարողությունները սահմանափակ են: «Yaribo»-ն ամբողջովին ես եմ գրել, իսկ պրոդյուսերը Գայ Ուակուն է: Ինձ համար տեսահոլովակի կարեւոր դրվագներից մեկն այն է, երբ ավելի քան 35 տարբեր ազգերի ներկայացուցիչներ ինձ հետ երգում են` «Յար, բոյիդ մեռնեմ»: Մենք նաեւ «Յարիբո» challenge ենք սկսել եւ արդեն տարբեր մարդիկ են ինձ ուղարկում տեսանյութեր, որոնցում երգում են «Յար, բոյիդ մեռնեմ»»,-ուրախությամբ նշում է նա:
Ինչ վերաբերում է առաջիկայում Հայաստան այցելելուն` բելգիահայ երգչուհին ասում է.
«Դեռեւս հստակ պատկերացում չունեմ, թե երբ եմ գալու Հայաստան: Հիմա աղջկաս հետ ծրագրեր կազմելն ավելի դժվար է դարձել: Բայց երբ գանք, դուք առաջինը կիմանաք այդ մասին»:
Նյութի սկզբնաղբյուրը` News.am Stile