Ստոլտենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում ԱՄՆ-ի Defender 2020 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ
Մարտին Եվրոպայում կայանալիք ԱՄՆ-ի Defender 2020 զորավարժություններն ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France-Presse-ին:
«Զորավարժություններն ուղղված չեն ինչ-որ կոնկրետ երկրի դեմ: Դրանց նպատակն է արագ ամերիկյան զորքեր տեղակայել Եվրոպայում՝ դաշինքի դաշնակիցներին պաշտպանելու համար: ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, եւ կայանալիք զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում: Մենք չենք փորձում հակազդել Ռուսաստանի, սակայն այս պահին իրականությունն այն է, որ այդ երկրի գործողություններն ազդում են տարածաշրջանի կայունության եւ անվտանգության վրա»,- ասել է նա:
Նա հավելել է, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ ԵԱՀԿ անդամ երկրները պատշաճ կերպով տեղեկացվել են ԱՄՆ-ի կայանալիք մանեւրների մասին:
«Ռուսաստանն իրավունք ունի իր սահմանների ներսում իրեն անվտանգ զգալ, ինչպես եւ Հյուսիսատլանտյան դաշինիք դաշնակիցներն իրենց սահմանների ներսում»,- ասել է Ստոլտենբերգը:
Defender 2020 զորավարժությունները կդառնան 25 տարվա մեջ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի ամենամասշտաբային զորավարժությունները: Հյուսիսատլանտայն դաշինքի կառույցներն այդ զորավարժությունների ընթացքում ենթակա դեր կունենան, կզբաղվեն ԱՄՆ-ի 17 գործընկեր երկրների կոնտինգենտների գործողությունների համակարգմամբ եւ լոգիստիկայով: Մանեւրներին կմասնակցի 37 հազար մարդ, դրանց անցկացման կենտրոնը կդառնա Գերմանիան, սակայն այդ մանեւրների առանձին տարրեր կանցկացվեն ՆԱՏՕ-ի 10 պետությունների տարածքներում, այդ թվում Լեհաստանի եւ Բալթյան երկրների հետ ռուսական սահմանների մոտ: