ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է Թրամփի՝ Իրանի դեմ պատերազմ սկսելու հնարավորությունը սահմանափակող բանաձև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձեւ, որը սահմանափակում է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու հնարավորությունները։ Օրենսդիրները մտահոգ են, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի վերացումը կարող է հանգեցնել Թեհրանի հետ պատերազմի, տեղեկացնում է «Գոլոս Ամերիկի»-ն։
Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկվում է դեմոկրատների կողմից, քվեարկել է գրեթե բացառապես կուսակցական գծով՝ 224 ձայն «կողմ» եւ 194՝ «դեմ»։ Դեմոկրատները Թրամփին մեղադրել են անխոհեմության մեջ եւ աջակցել բանաձեւին, այն դեպքում, երբ Թրամփին պաշտպանող հանրապետականները դեմ են հանդես եկել այդ օրենսդրական նախաձեռնությանը։
Ներկայացուցիչների պալատի նախաձեռնության աջակցությունից հետո այն կուղարկվի հանրապետականների կողմից վերահսկվող Սենատ, որտեղ նրա ճակատագիրը պարզ չէ։ Հանրապետականները վերահսկում են վերին պալատի 100 ձանից 53-ը եւ հազվադեպ են քվեարկում նախագահի դեմ, բայց երկու հանրապետական սենատոր աջակցել է ռազմական լիազորությունների մասին բանաձեւին։
Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի կողմից բանաձեւի ընդունումից հետո ուժի մեջ մտնելու համար Թրամփի ստորագրությունը չի պահանջվում։ Սպիտակ տունը կողմնակից չէ սրան։
Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին ասել էր, որ Ղասեմ Սոլեյմանիին վերացնելու գործողությունը դրական ազդեցություն չի ունեցել ամերիկացիների անվտանգության վրա։ Նա Սպիտակ տանը մեղադրել է այն բանում, որ գրոհի մասին որոշումն ընդունվել է առանց Կոնգրեսի հետ խորհրդակցելու։ Սովորաբար նախագահները պաշտպանական ոլորտում կարեւոր որոշումներ կայացնելուց առաջ այդ մասին տեղեկացնում են Կոնգրեսի ղեկավարներին։
Փելոսին հայտարարել է Կոնգրեսի հանդեպ «արհամարհական» վերաբերմունքի մասին՝ նկատի ունենալով Սոլեյմանիի դեմ գործողության որոշման ընդունումը։
«Անցած շաբաթ, մեր կարծիքով, նախագահը եւ աշխատակազմը իրականացրել են սադրիչ, անխոհեմ գրոհ Իրանի դեմ, որը ամերիկացիներին սպառնալիքի տակ է դրել»,- ասել է Փելոսին։
Ներկայացուցիչների պալատում քվեարկության նախօրեին Թրամփը Թվիթերում Փելոսիին անվանել է «խելագար» եւ հույս հայտնել, որ Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետականները չեն քվեարկի բանաձեւի ընդունման օգտին։
Սպիտակ տանը Թրամփը լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե ինքը պետք է ստանա Կոնգրեսի համաձայնությունը Իանի դեմ ռազմական բնույթի գործողություններ կիրառելուց առաջ։
«Ես չպետք է (խորհրդակցեի Կոնգրեսի հետ)... որովհետեւ երբեմն անհրաժեշտ է վայրկյանի ընթացքում որոշում կայացնելու հնարավորություն ունենալ։ Երբեմն հարկավոր է գործել շատ, շատ արագ։ Առանձին դեպքերում ես անգամ չպետք է մտածեմ դա անելու մասին»,- ասել է նախագահը։
Ռազմական ժամանակ լիազորությունների մասին օրենքն ընդունվել է 1973-ին, երբ օրենսդիրները փորձում էին դադարեցնել գաղտնի ռմբակոծությունները, որոնք իրականացնում էին ամերիկյան զորքերը Վիետնամում պատերազմի ժամանակ։ Օրենքում ասվում է, որ Ներկայացուցիչների պալատը եւ Սենատը կարող են ընդունել բանաձեւ, որը կստիպի դուրս բերել օտարերկրյա ռազմական հակամարտությանը մասնակցող զորքերն առանց Կոնգրեսի համաձայնության։