Պոլսահայ հայտնի երգչուհի Սիպիլն ու Ավստրալիայում ճանաչված հայ երաժիշտ Արան ներկայացրել են «Անաստասիա» մուլտֆիլմի հայտնի երգի cover-ի հոլովակը (Տեսանյութ)
Արդեն համացանցում է պոլսահայ երգչուհի Սիպիլի եւ ավստրալահայ դաշնակահար Արայի առաջին համատեղ տեսահոլովակը՝ հանրահայտ «Անաստասիա» մուլտֆիլմի հայտնի ստեղծագործության՝ «Once upon a December»-ի cover տարբերակը։ Նոր աշխատանքի մասին NEWS.am STYLE-ին հայտնել է Սիպիլը:
Երաժիշտների համագործակցության որոշումը կայացվել էր երկու տարի առաջ, սակայն միայն այս դեկտեմբերին ստացվեց Սիպիլի և Արայի միաժամանակ հայրենիքում լինելը։ Սիպիլը պատմում է.
«Նախ ստացա տեսաուղերձ, որտեղ Արան նվագում էր «Once upon a December»-ը, ապա եկավ երկտող՝ «Սիպիլ, այս դեկտեմբերին կերգե՞ս ինձ հետ»։ Ունեինք միայն 10 օր՝ թե՛ ձայնագրության, թե՛ նկարահանման համար»։
Համագործակցությանը միացել է նաեւ «The Beautified project»-ի թավջութակահար Ալեքս Միրզոյանը, ով արդեն իր մասնակցությունն է ունեցել Սիպիլի մի շարք ստեղծագործություններում։
Երգարվեստում Սիպիլի ունեցած ձեռքբերումները բազմաթիվ են՝ «Կախարդական Ձայն»(2012թ), «Հայ երգի դեսպան» (2012թ), «Սփյուռքի լավագույն երգչուհի» (2014թ.), «Ծիծեռնակ»՝ սփյուռքի պահպանության և հայ երգը լավագույնս տարածելու համար (2017թ.), արժանացել է նաև մի շարք շքանշանների և պատվոգրերի: Սիպիլը համերգներով շրջագայել է Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայի մի շարք երկրներում, Ռուսաստանում, Պարսկաստանում, Լիբանանում և այլն։ 2019 թ. դեկտեմբերից ներկայացնում է «Sibil la Reine» հայկական զարդերի և հագուստի պարագաների ապրանքանիշը։
Ավստրալահայ դաշնակահար եւ կոմպոզիտոր Արան ունի բնատուր տաղանդ: Չունենանով երաժշտականկրթություն և նոտաներ չընթերցելով` նա ստեղծագործում է բացառապես լսողությամբ եւ կրկնակի դափնեկիրն է Մելբուրնի համերգասրահի «Լավագույն խմբավար» մրցանակի: Սպորտային պարերի ոլորտում տասնամյակ ձգվող կարիերայի ընթացքում DanceSport միջազգային ֆեդերացիայի կողմից Արան երկու անգամ արժանացել է սպորտային պարերի Ավստրալիայի ազգային չեմպիոնի կրկնակի եւ նահանգային եռակի չեմպիոնի կոչումներին: Արայի` պարողի աստղային կարիերան մեկնարկել է ABC-ի«Ստրիքթլի դենսինգ» հեղինակավոր հաղորդաշարին մասնակցությամբ։ Արան չեխական «Պետրոֆ» դաշնամուրների ապրանքանիշի դեսպանն է եւ «Թաթեոսյան Լոնդոն» հայտնի ապրանքանիշի դեմքը։