Իրանի ԱԳ նախարարը մուտքի վիզայի մերժումն անվանել է ԱՄՆ սնանկության նշան
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները խախտել է ՄԱԿ կենտրոնակայանի մասին համաձայնագրի պայմանները եւ իրեն մուտքի վիզա չի տրամադրել Անվտանգության խորհրդի նիստին մասնակցելու համար, հայտնում է ԻՌՆԱ-ն:
«Պետության համար, որը զբաղվում է պետական եւ տնտեսական ահաբեկչությամբ, ռազմական հանցագործությունների սպառնալիքներով եւ մարդկության դեմ հանցագործություններով, այնքան էլ կարեւոր չէ, որ խախտի ՄԱԿ հանաձայնագրի դրույթները»,- նշել է նա:
«Հարցը, որը բոլորը պետք է տան ԱՄՆ խռովարար կառավարությանը, այն է, թե ինչից են նրանք վախենում, եթե ինչ-որ երկրի ԱԳՆ ղեկավարի ներկայությունը ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ ի պաշտպանություն ՄԱԿ Կանոնադրության եւ բազմակողմանիության այդպիսի մեծ վտանգ է ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ինչի հետ կապված նրանք չեն կարող մուտքի վիզա տալ»,- հավելել է նա:
Զարիֆն ԱՄՆ այս քայլն անվանել է ԱՄՆ կառավարության եւ Թրամփի թիմի սնանկության նշան՝ հայտարարելով, որ դա տեղի է ունեցել իրավիճակի ոչ պատշաճ վերլուծության պատճառով:
Ամերիկացիները բավարար ժամանակ ունեին վիզայի տրամադրման համար:
«Վիզա ստանալու մեր հայտը ներկայացվել է մի քանի շաբաթ առաջ, այլ ոչ թե վերջերս: Ուրեմն նրանք բավարար ժամանակ ունեին այն տրամադրելու համար»,- նշել է նա: