Եգիպտոսը դատապարտել է Լիբիա թուրքական զորքեր ուղարկելը թույլատրող օրինագիծը
Եգիպտոսը վճռականորեն դատապարտել է օրինագիծը, որը թույլ է տալիս Թուրքիային Լիբիա թուրքական զորքեր ուղարկել։ Օրինագիծը նախօրեին արժանացել էր Թուրքիայի խորհրդարանի հավանությանը։
«Եգիպտոսն ընդգծում է, որ Լիբիա թուրքական զորքեր ուղարկելու թույլտվությունը համարվում է միջազգային իրավունքի եւ Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերի կոպիտ խախտում, հատկապես 1970 բանաձեւը, որն արգելում է ռազմական համագործակցությունը Լիբիայի հետ»,- ասվում է Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունում, տեղեկացնում է Ahram-ը։
Հայտարարությունում նշվում է, որ փոխըմբռնման երկու հուշագրերը, որ ստորագրվել են վերջերս Թուրքիայի եւ Ֆաեզ ալ Սարաջի լիբիական կառավարության միջեւ, խախտել են Սհիրաթի համաձայնագիրը, որը ստորագրվել է 2015 թվականի դեկտեմբերին։
Լիբիայում Թուրքիայի ռազմական միջամտությունը սպառնում է ընդհանրապես արաբների եւ մասնավորապես՝ Եգիպտոսի ազգային անվտանգությանը, ասվում է հայտարարությունում։
Եգիպտոսի ԱԳՆ-ն նշել է, որ Թուրքիան աջակցում է ահաբեկչական կազմակերպություններին, որոնք գործում են Սիրիայում եւ Լիբիայում։ «Դա ընդգծում է Լիբիայում ազգային պետության եւ պետական ինստիտուտների վերականգնման անհրաժեշտությունը»,- ասվում է հայտարարությունում։
Նշվում է, որ Թուրքիայի այս քայլը կարող է բացասաբար ազդել Միջերկրածովյան տարածաշրջանի կայունության վրա։ Եգիպտոսը կոչ է անում միջազգային հանրությանը արձագանքել այս քայլին։