Ուժի մեջ են մտել «Հյուսիսային հոսք-2» և «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ ԱՄՆ պատժամիջոցները
Ուժի մեջ են մտել «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազամուղերի դեմ ԱՄՆ պատժամիջոցները: Դրանք նախատեսված են 2020-ի ֆինանսական տարվա համար (սկսվել է հոկտեմբերի 1-ից) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված ռազմական բյուջեով: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«2019-ի դեկտեմբերի 20-ին նախագահի կողմից 7503 դրույթի ստորագրումից հետո գազամուղերի դեմ պատժամիջոցներն անմիջապես ուժի մեջ են մտնում»,- ասվում է փաստաթղթում:
Նշվում է, որ կողմերը, որոնք ներգրավված են «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» ծրագրերին, պետք է անմիջապես դադարեցնեն շինարարության հետ կապված գործունեությունը:
Ընդ որում, հնարավոր են «հիմնավորված բացառություններ»՝ կապված գազամուղերի, նավերի անձնակազմի եւ այլ անձանց անվտանգության ապահովման հետ, ինչպես նաեւ բացառություններ՝ ուղղված «շրջակա միջավայրի վնասի կամ այլ զգալի վնասի» կանխմանը:
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել 2020-ի ֆինանսական տարվա համար պաշտպանական բյուջեին (National Defense Authorization Act, NDAA), որը վարչակազմին պարտավորեցնում է պատժամիջոցներ սահմանել ռուսական «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազամուղերին: Դեկտեմբերի 11-ին այդ փաստաթղթի օգտին քվեարկել է Ներկայացուցիչների պալատը, որից հետո այն ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը, եւ օրինագիծն ուժի մեջ է մտել: