Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան մերժել են Սիրիայում ինքնակառավարում ստեղծելու փորձերը
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը, մերժել են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ ինքնակառավարում ստեղծելու նախաձեռնությունը։ Այս մասին ասվում է Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ամփոփիչ հայտարարությունում, որն արվել է Նուր Սուլթանում Սիրիայի վերաբերյալ հանդիպման արդյունքների հիման վրա, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Այս առնչությամբ մերժել ենք նոր իրողություններ ստեղծելու բոլոր փորձերը, ներառյալ ինքնակառավարման ապօրինի նախաձեռնությունները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, եւ վճռականություն ենք հայտնել դիմակայելու անջատողական պլաններին՝ ուղղված Սիրիայի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խափանմանը, եւ ինչն սպառնում է հարեւան երկրների ազգային անվտանգությանը»,- հայտարարությունն ընթերցել է Ղազախստանի արտաքին գործերի առաջին փոխնախարար Շահրաթ Նուրիշեւը։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները դատապարտել են նաեւ Իսրայելի գրոհները Սիրիայում՝ որպես սպառնալիք տարածաշրջանի անվտանգությանը։
ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան դատապարտել են Սիրիայում նավթի վաճառքից ստացվող եկամուտների անօրինական յուրացումը։
Աստանայի գործընթացի երաշխավոր երկրները Իդլիբի նահանգի խաղաղ բնակչության պաշտպանության կոնկրետ միջոցներ կձեռնարկեն։