Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գվատեմալայի Կոնգրեսի պատվիրակությանը
Դեկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենզանայի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի:
Զրույցի ընթացքում Վեհափառ Հայրապետն ուրախություն հայտնեց Հայաստանի եւ Գվատեմալայի Հանրապետությունների միջեւ գործակցային կապերի հաստատմանն ուղղված առաջին քայլերի կապակցությամբ՝ այդ համատեքստում կարեւորելով Գվատեմալայի Հանրապետության Կոնգրեսի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ բարեկամության եւ խորհրդարանական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, որը նոր հորիզոններ պիտի բացի կապերի հաստատման եւ փոխհարաբերությունների ընդլայնման համար:
Խոսելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաքելության, հայ ժողովրդի պատմության մեջ քրիստոնեության դերի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ այն փորձություններին եւ մարտահրավերներին, որոնք դիմագրավել է հայ ժողովուրդը` պահպանելով իր ազգային ինքնությունը եւ ուրույն դիմագիծը: Նորին Սրբությունը մասնավորապես պատվիրակության ուշադրությունը հրավիրեց Հայոց Ցեղասպանության դատապարտման կարեւորությանը` մարդկային կյանքում նման ոճրագործությունների կանխարգելմանն ի նպաստ, ինչպես նաեւ լուսաբանություններ տվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության եւ դրա խաղաղ հանգուցալուծման անհրաժեշտության վերաբերյալ: Վեհափառ Հայրապետը հույս հայտնեց, որ Գվատեմալայի իշխանությունները կարտահայտեն իրենց դիրքորոշումը հայ ժողովրդի համար կարեւոր այս խնդիրների շուրջ:
Պրն. Ֆելիպե Ալեխոս Լորենզանան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշեց, որ այցելությունը Հայաստան կարեւոր քայլ է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա զարգացման եւ փոխգործակցության համար: Փոխնախագահը նաեւ ներկայացրեց Գվատեմալայի Հանրապետությունում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները՝ կարեւորելով փորձի փոխանակումը եւ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդումը: Ադրադառնալով պատմության ողբերգական էջերին` նա նշեց, որ չպետք է մոռանալ անցյալը, քանի որ այն կրկնվելու հատկություն ունի, ապա կարեւորեց տարբեր հարցերի շուրջ այցի ընթացքում ստացված լուսաբանությունները:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետը բարի արդյունավորում մաղթեց երկու երկրների հարաբերությունների աշխուժացմանն ուղղված քայլերին: