ԱՄՆ էներգետիկայի նախարարը հրաժարական է տվել
ԱՄՆ էներգետիկայի նախարար Ռիկ Փերին տեղեկացրել է, որ հրաժարական է տվել։
«Այսօր ես հրաժեշտ եմ տալիս էներգետիկայի նախարարությանը։ Պատիվ եւ առավելություն էր աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որպես նախարար»,- գրել է նա Թվիթերում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Մինչ այդ հայտնի էր դարձել, որ Փերին հրաժարական է տալու 2019-ի վերջին։ Նա մտադիր է աշխատել Տեխասի նահանգում, որի նահանգապետն էր առաջ։ Փերին հերքել է, թե հրաժարականի որոշումը կապված է «ուկրաինական սկանդալին» նրա մասնակցության հետ։
Փերին հիշատակվել է այն անձանց մեջ, ովքեր Թրամփի ցուցումով վերջին ամիսներին շփվել են ուկրաինացի պաշտոնյաների հետ։ Դեմոկրատները նախագահին մեղադրում են այն բանում, որ նա փորձել է ստիպել Ուկրաինայի իշխանություններին հետաքննություն սկսել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի դեմ, որն այժմ մտադիր է առաջադրվել նախագահ։
Թրամփը Սենատի հաստատմանն է ներկայացրել Դեն Բրույեթի թեկնածությունը էներգետիկայի նախարարի պաշտոնում։