«You got it». Ալեքսիս Օհանյանը եւս ընդունել է Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերը
Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նետած մարտահրավերը՝ ամեն ամիս 22-23 դոլար փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Նա այդ մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ավելի վաղ մարտահրավերն ընդունել էր նաեւ աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր էր նետել Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանին եւ Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:
«Եթե 5 միլիոն հայ տարվա ընթացքում նվիրի հիմնադրամին 200 դոլար կամ ամիսը 20 դոլար կամ 20-ից մի քիչ շատ, տարվա կտրվածքով կունենանք 1 մլրդ 250 միլիոն դոլար։ Հիմնադրամի ամեն կոպեկի ծախսման արդյունավետությունը լինելու է կրկնակի, եռակի հսկողության տակ, մենք բացառելու ենք որեւէ չարաշահում։ Ես այսօր մտել եմ հիմնադրամի էջ եւ կարգավորումն այնպես եմ դրել, որ ամեն ամիս 10 հազար դրամ նվիրաբերվի հիմնադրամին։ Ես մարտահրավեր եմ նետում 3 հայի՝ Սերժ Թանկյանին, Քիմ Քարդաշյանինեւ Ալեքսիս Օհանյանին։ Շատ կարեւոր է, որ այս պրոցեսը անեք հրապարակային եւ մարտահրավեր նետեք եւս երեք հայի»,-ասել էր վարչապետը: