Ամենատարեց ամերիկուհին մահացել է 114 տարեկանում
Մահացել է Միացյալ Նահանգների ամենատարեց բնակչուհին՝ 114-ամյա Ալելյա Մերֆին: Այդ մասին հայտնում է CBS New York-ը:
Կինը ծնվել է Հյուսիսային Կարոլինայում 1905 թ.-ին: 21 տարեկանում նա տեղափոխվել է Նյու Յորք և բնակություն հաստատել Հարլեմում, որն այդ ժամանակ ծաղկում էր ապրում և համարվում էր աֆրոամերիկյան մշակույթի կենտրոնը:
Մերֆին Միացյալ Նահանգների ամենատարեց բնակիչն է ճանաչվել 2019-ի հունվարին՝ 114-ամյա Լեսի Բրաունի (Օհայո նահանգ) մահից հետո: Վերջին տարիներին նա ապրել է օգնականի և թոռնուհիներից մեկի հետ:
«Հավատացեք Աստծուն և պարկեշտ մարդ եղեք»,- ասել է Մերֆին՝ բացատրելով իր երկարակեցության գաղտնիքը: Կինը ձգտել է ճիշտ սնվել, ալկոհոլ չի օգտագործել և զբաղվել է սպորտով: Նրա «թուլությունը» պաղպաղակն էր, շոկոլադը և գազավորված ըմպելիքները:
Աշխարհի ամենատարեց կինը, 116-ամյա Քանե Թանական, բնակվում է Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում: Նա ծնվել է 1903 թ.-ի հունվարի 2-ին, ինչը հաստատվում է բազմաթիվ փաստաթղթային ապացույցներով: