Եվրոպան չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը․ ԳԴՀ ԱԳ նախարար
Եվրոպան չի կարող ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը, կարծում է Գերմանիայի արտգործնախարար Խայկո Մաասը, հայտնում է DW-ը։
«Առանց Միացյալ Նահանգների այժմ մենք ոչ Գերմանիայում, ոչ Եվրոպայում ի վիճակի չենք ապահովել մեզ համար արդյունավետ պաշտպանություն»,- Կերբերի հիմնադրամի կողմից կազմակերպված Բեռլինյան արտաքին քաղաքական համաժողովում հայտարարել է Մաասը։ Նրա խոսքերով, եվրոպական եւ ամերիկյան անվտանգության բաժանումը «ծայրահեղ վտանգավոր կլիներ»։
Իր հայտարարությամբ Մաասը ակնարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն միտքը, թե ՆԱՏՕ-ում «ուղեղի մահ» է գրանցվել։ Մաասի խոսքերով, «ՆԱՏՕ-ն ողջ է՝ ոտքից գլուխ, նույնիսկ եթե նրան այլ բան են ախտորոշել»։
Խայկո Մաասը կրկին նշել է դաշինքի բարեփոխման համար Սթոլթենբերգի գլխավորությամբ փորձագիտական հանձնաժողով կազմելու անհրաժեշտությունը։ Նրա խնդիրը կլինի ՆԱՏՕ-ի անդամների միջեւ քաղաքական միասնականության ամրապնդման առաջարկություններ մշակելը։ ԳԴՀ ԱԳ նախարարի խոսքերով, այս գաղափարը մեծ հավանության է արժանացել նոյեմբերի 20-ին Բրյուսելում կազմակերպության արտգործնախարարների հանդիպմանը։
Հաջորդ շաբաթ ՆԱՏՕ-ի երկրների եւ կառավարությունների ղեկավարները կքննարկեն այդ հարցը Լոնդոնի գագաթաժողովում։