Ֆրանսիացի քննիչները մտահոգ են լողափերին մաքրամաքուր կոկաինի հայտնաբերմամբ
Ֆրանսիացի քննիչները մտահոգ են Ֆրանսիայի հարավարեւմտյան լողափերին, Ատլանտյան օվկիանոսի ափի երկայնքով մաքրամաքուր կոկաինի փաթեթների հայտնաբերմամբ։ Թմրանյութերն ափ է նետել ջուրը, եւ իրավապահները չեն կարողանում պարզել, թե ինչպես եւ որտեղից են դրանք հայտնվել։
Հռենոս քաղաքի դատախազ Ֆիլիպ Ասթրուքի խոսքով՝ թմրանյութերով փաթեթները ամեն օր հայտնվում են լողափերին հարավում, իսպանական սահմանից ոչ հեռու, տեղեկացնում է AFP-ն։
Նա նշել է, որ իշխանություններն առգրավել են մի քանի կիլոգրամ թմրանյութ, որոնց փողոցային արժեքը կազմում է միլիոնավոր դոլարներ։ Միեւնույն ժամանակ, հայտնաբերված կոկաինի մաքրությունը կազմել է 83 տոկոս։
«Դա շատ մաքուր ապրանք է, որը չի կարելի օգտագործել այդ ձեւով, որովհետեւ կա չափաբաժնի չարաշահման շատ բարձր ռիսկ»,- ասել է Ասթրուքը։
Պաշտոնական անձանց խոսքով՝ քննիչներն աշխատել են եվրոպական իշխանությունների եւ ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի գործակալության հետ՝ պարզելու համար, թե որտեղից են գալիս թմրանյութերը։
Ասթրուքն ասել է, որ թմրանյութերը կարող են լինել Հարավային Ամերիկայից, որովհետեւ դրանք ափ են նետվել փոթորկից հետո։
Կոկաինի փաթեթներ՝ նման մակնշմամբ, հայտնաբերվել են նաեւ Ֆլորիդայի լողափերին, սեպտեմբերին «Դորիան» փոթորկից հետո։