Քիմ Քարդաշյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին․ Դա անձնական հարց է իմ եւ միլիոնավոր հայերի համար
Ակտիվիստ, գործարար, գեղեցկության խորհրդանիշ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Ուեսթը Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի հարցով պատմական քվեարկությունից առաջ Twitter-ի իր էջում գրառում է կատարել։ «Այսօր Ներկայացուցիչների պալատը քվեարկում է Հայոց ցեղասպանության ճանաչման բանձեւի նախագծի հարցով։ Դա անձնական հարց է իմ եւ միլիոնավոր հայերի՝ ցեղասպանությունը վերապրածների սերունդների համար։
Զանգահարեք Կոնգրես եւ ասեք նրանց, որ եկել է գործելու ժամանակը»,- գրել է Քարդաշյանը։
Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կկայանա Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի քննարկումն ու այդ հարցով քվեարկությունը։ Հայ դատի հանձնախումբը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ներկայացուցիչների պալատի կանոնակարգային հանձնաժողովը բանաձեւը հավանության է արժանացրել եւ ուղարկել է Պալատ՝ քննարկելու եւ քվեարկելու համար։