Հաքերները կոտրել են Վրաստանի նախագահի կայքը. այնտեղ հայտնվել է Սաակաշվիլիի լուսանկարը
Հաքերները վրացական հարյուրավոր կայքեր են կոտրել, այդ թվում նաեւ Վրաստանի նախագահի կայքը, որտեղ հայտնվել է Միխայիլ Սաակաշվիլիի լուսանկարը՝ վրացական դրոշի ֆոնին եւ I"ll be back գրությամբ, հաղորդում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն:
Այժմ Վրաստանի նախագահի կայքը չի աշխատում: Երկրի երրորդ նախագահի լուսանկարը եւս չկա:
Netgazeti-ն՝ հղում անելով Pro-Service ընկերությանը, հայտնում է, որ հարձակման է ենթարկվել մոտ 2000 կայք, եւ դրանց թիվն աճում է: Հաքերների հարձակման զոհ են դարձել պետական գերատեսչությունները, դատարանները, ՀԿ-ները, ընկերություններն ու ԶԼՄ-ները:
Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013-ին: Նրա հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը երկրում ամենավարկանիշային ընդդիմադիր կուսակցությունն է: Խորհրդարանական եւ նախագահական յուրաքանչյուր ընտրությունից առաջ Սաակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ, սակայն մինչ այժմ չի կատարել իր խոստումը: Վրաստանում նա հեռակա կարգով մեղավոր է ճանաչվել մի քանի քրեական գործերով: