Ռուսաստանցի մասնագետները Հայաստանի կենսալաբորատորիաներ մտնելու իրավունք կստանան
Ռուսաստանցի մասնագետները, այդ թվում՝ զինվորական, կունենան Հայաստանի՝ Պենտագոնի փողերով ստեղծված կենսալաբորատորիաների երաշխավորված մուտքի իրավունք։ Ինչպես տեղեկացնում է «Կոմերսանտը», համապատասխան հուշագիրը նախատեսվում է ստորագրել Երեւան ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցի ժամանակ։
Հուշագրի վրա աշխատանքի ավարտի մասին, որը երաշխավորում է ռուսաստանցի մասնագետների մուտքի իրավունքը Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաներ, «Կոմերսանտին» ասել են բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրները եւ հայկական կողմը։ Փաստաթուղթը, նրանց խոսքով, նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 10-11-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Երեւան նախատեսված այցի ժամանակ։ «Պայմանավորվածությունը սկզբունքային է։ Մնացել է համաձայնեցնել մանրամասները»,- նշել է զրուցակիցներից մեկը։
Մեկ այլ աղբյուր հավաստիացրել է, որ փաստաթղթի տեքստը պատրաստ է եւ անցնում է միջգերատեսչական համաձայնեցման փուլով։ Նա պարզաբանել է, որ հուշագիրը նախատեսում է երկու երկրների համագործակցություն բժշկա-կենսաբանական ոլորտում։ Նրանց թվում, ովքեր կարող են այցելել Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաներ, տեղեկացրել է զրուցակիցը, ՌԴ առողջապահության եւ պաշտպանության նախարարությունների մասնագետներն են։
Մոսկվայում կասկածանքով են վերաբերվում փակ ռեժիմով գործող հետազոտական կենտրոններին։ Նաեւ այն պատճառով, որ դրանց արդիականացման եւ վերազինման ֆինանսավորումը կատարվել է Պենտագոնից։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման հայկական ազգային կենտրոնի արդիականացման համար ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հատկացրել է 10 մլն դոլար։
Ռուսաստանցի դիվանագետները, ինչպես նաեւ զինվորականները բազմիցս հայտարարել են, որ Մոսկվային մտահոգում է «ռազմական բժշկա-կենսաբանական ակտիվությունը» ՌԴ սահմանների մոտ։
Պենտագոնում բոլոր մեղադրանքները գաղտնի փորձարկումների մասին հերքել են եւ անվանել անհեթեթ։ Վրաստանի իշխանություններն իրենց հերթին հայտարարել են, որ կենտրոնում աշխատում են բացառապես վրացի մասնագետներ։ Միեւնույն ժամանակ, ռուսական կողմն անցած տարի հրաժարվել է Թբիլիսիի մոտ գտնվող լաբորատորիա ՆԱՏՕ կազմակերպած այցելությունից։ Ռուսաստանի ԱԳՆ-ում վկայակոչել են այն, որ այցի նպատակը կենտրոն չի նախատեսել լիարժեք եւ որակյալ ստուգում այն մասին, թե ինչ աշխատանքներ են կատարվում այնտեղ։