2020-ին հայտնի կդառնա՞ն Հայաստանի հանքերի բոլոր սեփականատերերը. քննարկում ԱԺ-ում
Օրինագծերի տվյալ փաթեթի շնորհիվ 2020-ի հունվարին հայտնի կդառնան Հայաստանի հանքերի բոլոր սեփականատերերը: Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը:
Նրա խոսքով՝ բոլոր ընկերությունները, որոնք մետաղական հանքեր են շահագործում, պարտավոր կլինեն բացահայտել ոչ միայն իրենց բաժնետերերի, այլ նաեւ հանքից շահույթ ստացող մարդկանց մասին տվյալները: Ընդ որում, Շուշանյանի խոսքով, բոլոր այդ տվյալները հասանելի կլինեն ոչ միայն կառավարությանը, այլ նաեւ հանրությանը հատուկ կայքի կամ ձեռնարկությունների պետռեգիստրի միջոցով: Կհրապարակվեն 10% կամ ավելի բաժնետոմսեր ունեցող սեփականատերերի մասին տվյալներ՝ լինի դա անհատ կամ փոխկապակցված անձանց խումբ:
Նշենք, որ հանձնաժողովն օրինագծերի տվյալ փաթեթներին դրական եզրակացություն տվեց: