Թուրքական ագրեսիային՝ Սիրիան ամբողջ ուժով կդիմակայի
Սիրիան ամենավճռական ձեւով դատապարտել է թուրքական ռեժիմի ագրեսիվ մտադրությունները եւ սիրիական տարածքի վրա լայնամասշտաբ հարձակում կատարելու նրա պատրաստությունը։ Այս մասին տեղեկացնում է սիրիական ՍԱՆԱ պետական տեղեկատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի ԱԳՆ-ին։
«Սիրիան խիստ դատապարտում է թուրքական ռեժիմի հայտարարությունները եւ ռազմական տեխնիկայի շարժը դեպի սիրիա-թուրքական սահման, ինչը միջազգային իրավունքի նորմերի եւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերի կոպիտ խախտում է, որոնցով նախատեսվում է ՍԱՀ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանում։
Աղբյուրն ավելացրել է, որ ռեժիմի ագրեսիվ գործողությունները հստակ մատնանշում են Էրդողանի ծավալապաշտական նկրտումները սիրիական տարածքի հանդեպ, ինչն անհնար է արդարացնել որեւէ պատրվակով, այդ թվում սահմանի անվտանգությամբ»։
Նախարարությունում նշել են, որ թուրքական ռեժիմն անտեսում է Ադանայի համաձայնագիրը, որը թուրքական կողմից կատարման դեպքում լիովին ապահովում է նրա անվտանգությունը։
«Սիրիան տեղի ունեցողի պատասխանատվությունը դնում է քրդական մի շարք կազմակերպությունների վրա, որոնք կատարում են ԱՄՆ ցուցումները։ Ավելի վաղ նրանք քանիցս նախազգուշացվել են ամերիկյան պլանի վտանգավորության եւ այն մասին, որ չպետք է գործիք լինեն ԱՄՆ քաղաքականության ձեռքին ընդդեմ իրենց հայրենիքի։ Բայց այդ խմբավորումները նախընտրում են մնալ գործիք օտարի ձեռքում»։
ՍԱՀ ԱԳՆ-ն հաստատում է երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման անհրաժեշտությունը՝ նորից ընդգծելով իր՝ թուրքական ագրսեիային բոլոր օրինական միջոցներով դիմակայելու իրավունքը։
Սիրիան հիշեցնում է, որ ագրեսիայի սկսվելու դեպքում Թուրքիան իրեն կդնի ահաբեկչական զինված խմբավորումների շարքում եւ անպայման կկորցնի Աստանայի գործընթացի երաշխավորի իր տեղը, ինչը ջախջախիչ հարված կհասցնի առհասարակ քաղաքական գործընթացին։