ՀՀ առաջին ՄԻՊ-ը պաշտպանել է էթիկայի հանձնաժողով ստեղծելու միտքը. Ա.Քոչարյանը պիտի ներողություն խնդրեր
Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը միացել է խորհրդարանականների դիմումին՝ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հիշեցնենք, որ դրա օրախնդիր անհրաժեշտությունն առաջ է եկել «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վիրավորական բնույթի արտահայտությունից հետո արդարադատության նախկին նախարար, ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի հասցեին։
«Ես ցանկանում եմ միանալ, իմ համերաշխությունը հայտնել իրավապաշտպանների երեք ներկայացուցիչների՝ փաստաբան Սիրանուշ Սահակյանի, փաստաբան Լուսինե Սահակյանի եւ «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի առաջարկին։ Նրանք նամակ են ուղարկել խորհրդարանական երեք խմբակցություններին՝ խնդրելով հանդես գալ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ։ Ես լիովին համաձայն եմ այդ մոտեցմանը եւ կարծում եմ, որ պետք է օր առաջ ստեղծել այնպիսի իրադրություն եւ ընդունել այնպիսի որոշումներ հենց ԱԺ-ում, որպեսզի վերջ դրվի նման արտահայտություններին եւ նման դիրքորոշմանը։ Ավելին, արվել է ոչ էթիկական, կարելի է ասել՝ անցենզուրին մոտ արտահայտություն, դեռ մի բան էլ այդ նույն պատգամավորը հրաժարվել է ներողություն խնդրել։
Իսկ ես, ի դեպ, նրանց մեջ էի, ովքեր ԶԼՄ-ների միջոցով համոզմունք եմ հայտնել, որ նման դեպքերում, եթե տեղի է ունեցել պատահական սխալ, վրիպում, անհրաժեշտ է ներողություն խնդրել։ Ցավոք, պարոն Քոչարյանը կոշտ է արձագանքել նման առաջարկներին եւ հրաժարվել է ներողություն խնդրել։
Ես զարմացած եմ, որ մինչեւ հիմա «Իմ քայլը» խմբակցությունը չի քննարկել, հայտարարություն չի արել։ Էթիկայի հանձնաժողով ստեղծելուց բացի, առհասարակ պետք է հարցականի տակ դնել Անդրանիկ Քոչարյանի կարգավիճակի հարցը որպես հանձնաժողովներից մեկի նախագահ»,- ընդգծել է Լարիսա Ալավերդյանը։