Սիրիայում հայ ականազերծողները 112 հազար քառ. մետր տարածք են մաքրել (Լուսանկարներ)
Սիրիայում հայկական մարդասիրական խումբը հանդիպել է Սիրիայում ՄԱԿ-ի ականային գործողությունների կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են «Հումանիտար Ականազերծման եւ Փորձագիտական Կենտրոն» ՊՈԱԿ-ից։
«Հայ մասնագետները ներկայացրել են իրենց կողմից կատարված աշխատանքները: Ականազերծողները 112 հազար քառակուսի մետր տարածք են մաքրել, որից 90 հազար քառակուսի մետրը պատկանում է 2 մաքրված ականադաշտի: Հավաստագրերն ու քարտեզները պաշտոնապես հանձնվել են Հալեպի նահանգային իշխանություններին: Այժմ ականազերծողներն աշխատանքներ են իրականացնում 3-րդ ականադաշտում: Բացի դրանից հայ բժիշկները բժշկական ծառայություններ են մատուցում 5 հիվանդանոցներում: Հայ մասնագետները ծրագրում են պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ եւ առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնել Հալեպի բնակչության համար»,–նշված է հաղորդագրությունում: