Մեկ տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել. Ադրբեջանի ԱԳ նախարար
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար էլմար Մամեդյարովը համարում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին 12 ամիսների ընթացքում առաջընթաց չի գրանցվել: Այդ կարծիքը նա հայտնել է շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ելույթ ունենալիս, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հարկ է նշել, որ անցած տարվա ՄԱԿ-ի ԳԱ համաքաղաքական քննարկումից առ այսօր որեւէ առաջընթաց չի գրանցվել հակամարտության քաղաքական կարգավորման հարցում՝ չնայած երկու պետությունների առաջնորդների անմիջական շփմանն ու ԱԳ նախարարների հանդիպումներին վերջին երկու տարիների ընթացքում»,-գործակալությունը մեջբերում է Մամեդյարովի խոսքերը: Նրա կարծիքով՝ դրա պատճառը «Հայաստանի ղեկավարության անկեղծ հետաքրքրվածության վառ արտահայտված բացակայությունն է խաղաղ կարգավորման հարցում»:
«Երեւանն ընդհակառակը, իր հայտարարություններով եւ գործողություններով ձախողում է այդ գործընթացն ու խոչընդոտում հնարավորինս արագ խաղաղ լուծում գտնելու փորձերին»,-հավելել է նախարարը: «Ադրբեջանը դեռեւս միտված է հակամարտության քաղաքական կարգավորմանը հնարավորինս արագ հասնելուն»,-ընդգծել է Մամեդյարովը: Նա նաեւ հայտարարել է, որ «բանակցային գործընթացը չի կարող հավերժ լինել», ինչպես նաեւ չպետք է «սահմանափակի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության եւ միջազգային իրավունքի»: