ՀՀ սահմանների պաշտպանությունն ամբողջ ԱՊՀ սահմանների պաշտպանությունն է. սահմանապահ զորքերի հրամանատար
ՀՀ սահմանների պաշտպանությունը ենթադրում է ԱՊՀ բոլոր պետությունների սահմանների պաշտպանություն: Դրանք ԱՊՀ արտաքին սահմաններն են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը:
Ամփոփելով ԱՊՀ պետությունների «Արարատ-հակատեռոր-2019» համատեղ զորավարժությունների արդյունքները՝ Սարգսյանը նշեց ստորաբաժանումների գործողությունների համակարգվածությունը: Նրա խոսքով՝ նման զորավարժությունները հատուկ նշանակություն ունեն տարածաշրջանային իրավիճակի համար: Մասնավորապես, Մերձավոր Արեւելքի բանդային ձեւավորումների համար Հայաստանը կարող է որպես տարանցիկ երկիր գրավիչ դառնալ: Այդ կապակցությամբ իրավիճակը մոդելավորվում է՝ նման իրավիճակներին պատրաստ լինելու համար:
«Գնահատականը մեկն է՝ կատարելագործմանը սահմաններ չկան: Սակայն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ լավ են աշխատել, համակարգված: Ընդհանուր առմամբ գոհ եմ»,- ասաց Սարգսյանը:
Պատախանելով զբոսաշրջիկների հոսքի մեծացման հետ կապված պոտենցիալ սպառնալիքի մասին հարցին՝ նա նկատեց, որ ցանկացած հոսք ինքնին թաքնված սպառնալիք է:
«Բնականաբար, նպատակը զտելն է, թե ով է իսկապես զբոսաշրջիկ, ով՝ գործարար, կամ թե ով է թաքնվում: Բոլոր երկրներում հատուկ ծառայությունների խնդիրը մեկը մյուսից տարբերելն է: Մենք զգոն ու աչալուրջ ենք»,- եզրափակեց Սարգսյանը: