Սոնա Աղեկյանը հայտարարեց անժամկետ հացադուլ. «Սանիթեքի» աշխատակիցներին ոստիկանները չտվեցին փակել քաղաքապետարանի դիմացի ճանապարհը
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին տվեց 20 րոպե ժամանակ, որպեսզի նա իջնի քաղաքապետարանի բակ եւ փոխանցի «Սանիթեք» ընկերության նախկին աշխատակիցների աշխատավարձերը, հակառակ դեպքում իրենք անժամկետ հացադուլ են իրանակացնելու։ Նշենք, որ ակցիայի մասնակիցները նստացույց են անում քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։
«Պարոն Մարության, նայում եք ժամացույցին, ունեք 20 րոպե ժամանակ։ 20 րոպե անց, դուք եթե հենց ձեր ղեկավարած պատվիրակությամբ չեք իջնում եւ համապարփակ տեղեկատվություն չեք տրամադրում, եւ չեք ասում, որ գումարը նստեցված է «Սանիթեք» ընկերության հաշվեհամարի վրա, քանի որ նախկին աշխատակիցների բանկային հաշիվներն այս պահին արգելադրված են, մենք հայտարարում ենք անժամկետ հացադուլ։ Դուք ունեք հնարավորություն ապացուցելու, որ ունեք արժանապատվություն, որ նախընտրական խոստումներն ուղղակի չէին գրել, տվել ձեր ձեռքը, դուք այդ ամենի լիիրավ կրողն եք։ Դուք ավագանու հետ միասին ձախողել եք մայրաքաղաքի աղբահանության եւ սանմաքրման աշխատանքներն իրականացնելիս»,- ասաց Աղեկյանը։
Աղեկյանը հայտարարեց, որ ակցիայի մասնակիցները չեն ցանկանում լսել քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին. «Քաղաքացիները պահանջում են, որ այստեղ ներկա գտնվող խնչող խոսնակին հեռացնեք այստեղից, որովհետեւ եթե պաշտոնատար չինովնիկը խնչած ունի քաղաքացիների կարծիքի վրա, մենք էլ խնչած ունենք իր վրա, եւ չենք ուզում այլեւս լսել նրան։ Ժամանակը գնաց»։
Նա նաեւ տեղեկացրեց, որ գնում է դեղատուն՝ տակդիր գնելու. «2 «փամփերս» կուղարկեմ մեկ պատուհանի միջոցով ձեզ: Կհագնեք «փամփերսները» եւ համարձակություն կունենաք իջնելու ու պատասխանելու քաղաքացիների հարցերին»։
Աղեկյանը տակդիրները ձեռքին մոտեցավ Երեւանի քաղաքապետարանի մուտքին, սակայն ոստիկանները թույլ չտվեցին մուտք գործել շենք։
Նշենք, որ բողոքող քաղաքացիները պահանջում էին քաղաքապետ Հայկ Մարությանի կամ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետի հետ հանդիպում, սակայն նրանց մոտեցավ քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը, որը նրանց դուր չեկավ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սոնա Աղեկյանն ասել էր, որ իրենք գալիս են «Սանիթեքից», որտեղ իրենց փոխանցել են, որ քաղաքապետարանին ուղարկվել է համապատասխան փաստաթուղթ՝ համաձայն որի քաղաքացիների չվճարված աշխատավարձերը եւ վերջնահաշվարկը կազմում է 132 միլիոն դրամ: Նրանք էլ պահանջում են, որ քաղաքապետարանն անհապաղ փոխանցի իրենց աշխատավարձերը։
«Սանիթեքի» աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա իրականացնելու ընթացքում փորձեցին փակել քաղաքապետարանի դիմացի ճանապարհը, սակայն ոստիկանները պատ կազմեցին և թույլ չտվեցին: Նշենք, որ ակցիայի մասնակիցներն անժամկետ նստացույց ու հացադուլ են հայտարարել՝ պահանջելով օգոստոս ամսվա իրենց աշխատավարձերը։
«Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը հարց բարձրացրեց՝ ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին կարելի էր փողոց փակել, իսկ իրենց՝ ոչ։
«ՄԻՊ-ի ուշադրությունն եմ հրավիրում, որպեսզի գան ու արձանագրեն, որ ոստիկանական պատը խոչընդոտում է, որ մենք իրացնենք մեր սահմանադրական իրավունքը: Մինչդեռ պարոն Հայկոն, որն այն ժամանակ հանդիսանում էր Երեւանի քաղաքապետի թեկնածուն, բեմահարթակների վրա թռչկոտում էր եւ ասում էր՝ Երեւանի քաղաքապետարանը աշխատելու է բաց, թափանցիկ, հասարակության համար մատչելի ու հասանելի։ Սա՞ է ձեր մատչելիությունը։ Արձանագրեք՝ երկու կողմից ոստիկանական պատնեշներով արգելափակված են»:
Աղեկյանը Հայկ Մարությանին առաջարկեց, որ Երեւանի 12 վարչական շրջանները բաժանի երկու հավասար մասի, մի մասի աղբահանությունն իրականացնեն «Սանիթեք» ընկերության աշխատակիցները, մյուս մասը՝ աղբահանության եւ սանմաքրման հիմնարկը. «Այսպես կապահովենք մրցակցությունը, իսկ մրցակցությունը նաեւ որակ է բերում։ Այս մասին դուք բեմերի վրա ցատկոտում էիք եւ նախագահական շոուների ժամանակ ասում էիք, եթե այդ խոստումները սուտ չէին: Փորձեք դա կազմակերպել, որպեսզի մեր քաղաքացիները հաջորդ ամիսների ընթացքում եւս ունենան աշխատավարձ։ Մենք սպասում ենք, որ դուք իջնեք եւ ասեք, որ գումարն արդեն փոխանցվել է»:
Ակցիայի մասնակիցներից մեկը դիմեց քաղաքապետին. «Բա ընտրելուց մեզ ասում էիք՝ ես ձեզ հետ եմ, ժողովո՛ւրդ, հիմա եկել ենք, եթե մեզ հետ ես, ո՞ւր ես, ինչո՞ւ չկաս: Տուն ենք պահում, այս մեկ ամիս է՝ առավոտը տասից ընկել ենք, փող ենք մուրում, աշխատել ենք, բերեք, տվեք, ողորմություն չենք խնդրում: Եթե ինձ նման երեխա պահես, պարանը կգցես վիզդ, կկախվես: Ինչի՞ ես տանջում ժողովրդին, սրա համար էինք ընտրո՞ւմ: Ռուսաստանից ընտանիքս վերցրել եմ, եկել, խոսք էիք տալիս: Հավատացինք, եկանք, այսպե՞ս եք վարվում»: