Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առեւտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարեւորել է Չինաստանի առեւտրի փոխնախարարի մասնակցությամբ այսօր Երեւանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն մեծ ներուժը, որ կա երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում:
Փոխվարչապետը ներկայացրել է այն բոլոր հնարավորությունները, որ ընձեռում է Հայաստանը գործարարների համար՝ անդրադառնալով մեր երկրի տարանցման ներուժին եւ առավելություններին: Նա հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր է շոշափելի արդյունքներ ունենալ նաեւ երկու երկրների բիզնես կապերի եւ շփումների զարգացման գործում:
Չինաստանի առեւտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուան շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար՝ ընդգծելով, որ հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստին Չինաստանից ժամանած պատվիրակության ներկայացվածությունը վկայում է Չինաստանի ցանկության մասին Հայաստանի հետ զարգացնելու երկկողմ հարաբերությունները:
Չինաստանի նախարարի տեղակալը խոսել է այն պատմական կապերի եւ ընդհանրությունների մասին, որ ունեն Հայաստանն ու Չինաստանը՝ շեշտելով, որ երկու հնագույն քաղաքակրթությունները, որոնք զգալի ներդրում են ունեցել մարդկության զարգացման գործում, դեռ համագործակցության նոր հնարավորություններ ունեն բացահայտելու:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության խորացման եւ ընդլայնման շուրջ: Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցությանը, այնպես էլ Հայաստանում մեծ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման կարեւորությանն ու դրանց տարածաշրջանային բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները հույս են հայտնել, որ այսուհետ Հայաստանի եւ Չինաստանի միջեւ շփումները կակտիվանան եւ երկկողմ հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի: