Բաքվի աքլորային հայտարարությունները քմծիծաղ են առաջացնում. Հայաստանն աննախադեպ զորավարժություններ կանցկացնի
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը կանցկացնի աննախադեպ ծավալի ու բնույթի զորավարժություններ։ Տեղի է ունենալու Զինված ուժերի լիարժեք ներգրավում և պահեստազորի զորահավաք: Այս և արտաքին քաղաքական մի շարք հարցեր «Առաջին լրատվական»-ը քննարկել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի և Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի գործադիր տնօրեն Բենիամին Պողոսյանի հետ:
«Զորավարժությունը լավագույն ձևն է, որը թույլ կտա, որպեսզի տեսնենք՝ որտեղ են խնդիրները մեր Զինված ուժերում, թերությունները, նաև թույլ կտամ մշակել համապատասխան միջոցառումներ այդ թերությունները շտկելու համար: Չափազանց կարևոր ուսումնավարժական միջոցառում է, որը նաև ունի քաղաքական նշանակությունը՝ ի պատասխան Ադրբեջանի, որտեղ պարբերաբար հոտառության կորուստ է տեղի ունենում, ինչը դրսևորվում է հրապարակային դաշտում, տարբեր աքլորային հայտարարությունները, քմծիծաղից բացի, այլ էֆեկտ ունենալ չեն կարող, դրանից հայերը, Հայաստանը չի տպավորվում»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը:
Բենիամին Պողոսյանն իր հերթին ասաց, որ նման ծավալի զորավարժությունների նախապատրաստական աշխատանքները բավականին երկար են տևում․ «Նման զորավարժությունը մեկ կամ երկու ամսում չես նախապատրաստի: Միևնույն ժամանակ, զորավարժություններ միշտ էլ եղել են, իհարկե, իր ծավալով սա աննախադեպ է, բայց գտնում եմ, որ դա ընդհանուր առմամբ տեղավորվում է Զինված ուժերի պատրաստման այն ռազմավարության հետ, որ ունի Հայաստանի Հանրապետությունը»:
Անդրադառնալով Կազմակերպված հանցագործության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնի հրապարակած զեկույցին, ըստ որի՝ չեխոսլովակյան համատեղ հոլդինգը՝ Czechoslovak Group-ը, զենք և զինամթերք է մատակարարել Ադրբեջանին և այս համատեքստում Հայաստանի անելիքներին, Մեհրաբյանն ասաց. «Ադրբեջան պետությունն իր զինամատակարարումներն ապահովում է այսպես ասած՝ օրենքից, մեղմ ասած՝ շատ հեռու միջոցներով, ցավոք սրտի, դրանց մեջ թողտվության բերումով կամ միտումնավոր ներգրավված են այլ երկրների պետական կառույցներ, մասնավորապես Չեխիայի, Սլովակիայի և Իսրայելի… Բնականաբար պետք են ինտենսիվ քայլեր Հայաստանի կողմից, որոնք կբերեն այս մեխանիզմի ապամոնտաժմանը, և երաշխիքներ կստեղծեն, որ նման բան այլևս տեղի չի ունենա, որովհետև Ադրբեջանն այն պետությունը չէ, որին կարելի է որպես բիզնես զենք վաճառել»:
Պողոսյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանին զենքի վաճառքի միջազգային էմբարգո, որպես այդպիսին, գոյություն չունի, միջազգային էմբարգո ֆիքսվում է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, կան առանձին պետություններ, որոնք հայտարարում են, որ զենք չեն մատակարարի հակամարտության գոտի, այդ թվում՝ Ադրբեջան կամ Հայաստան: «Սակայն սա առանձին պետությունների որոշելիքն է, հետևաբար, այն պետությունները, որոնք զենք են մատակարարում, ուղղակիորեն միջազգային էմբարգո չեն խախտում: Այլ հարց է, եթե նշված մատակարարումները կատարվել են զենքի վաճառի հետ կապված կանոնների կամ կարգերի խախտմամբ: Միևնույն ժամանակ պետք է ֆիքսել, որ զենքի վաճառքը բավականաչափ շահավետ բիզնես է, և ամբողջ աշխարհում, ցավոք սրտի, միշտ չէ, որ իրականացվում է բոլոր պատշաճ ընթացակարգերի պահպանությամբ»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: