Գեղարքունիքում BMW X5-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 37-ամյա վարորդի դին գտել են 80 մետր հեռու (Լուսանկարներ)
Գեղարքունիքի մարզում, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 00։05-ի սահմաններում Նորատուս գյուղի բնակիչ՝ 37-ամյա Գեւորգ Հովհաննիսյանը իր վարած BMW X5 մակնիշի 51 QD 111 համարանիշի ավտոմեքենայով Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձախակողմյան դաշտամիջյան հատվածում եւ կողաշրջվել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդը տեղում մահացել է, ում դին գյուղացիները, ԱԻՆ փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 80 մետր դուրս:
Հարվածի հետեւանքով ավտոմեքենայի 2 անվահեծանները կոտրվել են, իսկ ավտոմեքենան էլ ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը վերջերս էր Հայաստան վերադարձել Ռուսաստանից, ամուսնացած էր, խնամքին ուներ 2 երեխա։