Ջրվեժ գյուղին տարածք է հատկացվել, որտեղ նոր մանկապարտեզ կկառուցվի
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 12-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի վարչական սահմանների նկարագրում եւ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով հատկացրեց համայնքին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս փոփոխության նպատակն է՝ Ջրվեժ համայնքի գլխավոր հատակագծում կատարված փոփոխությունը համաձայն որի 2,01378 հա հատուկ պահպանվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխվել է բնակավայրի նշանակության, սակայն մնացել է որպես պետական սեփականություն և այն անհրաժեշտ է hետ վերադարձնել համայնքին` որպես համայնքային սեփականություն, քանի որ ՀՀ կառավարության 2005 թ. հուլիսի 21-ի թիվ 1265-Ն որոշման մեջ պատմամշակութային արժեք չներկայացնող հողատարածքը սխալմամբ չի փոխանցվել համայնքին:
Այսինքն՝ նշված տարածքը համայնքային սեփականություն դառնալուց հետո ակնկալում ենք ունենալ շուրջ 90,5 մլն. դրամի մուտք համայնքի բյուջե, որը նախատեսվում է ներդնել նոր կառուցվող մանկապարտեզի շենքի շինարարությանը:
Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է օտարել հողամասը որպես համայնքային սեփականություն և ստացված միջոցները շուրջ 90,5 մլն,դրամ ուղղել համայնքի նոր կառուցվելիք մանկապարտեզի շինարարությանը: