«Գործակալ Սքալլին» կմարմնավորի Մարգարետ Թետչերին
Դերասանուհի Ջիլիան Անդերսոնը «Թագը» սերիալի չորրորդ եթերաշրջանում կմարմնավորի Մեծ Բրիտանիայի 71-րդ վարչապետ Մարգարետ Թետչերին: Հաղորդագրությունը հայտնվեց սեպտեմբերի 7-ին՝ նախագծի Twitter-յան էջում։
«Թագը» սերիալը պատմում է Մեծ Բրիտանիայի Էլիսաբեթ Երկրորդ թագուհու կյանքի մասին՝ 1947 թ. նրա հարսանիքից ի վեր: Առաջին երկու եթերաշրջանում գլխավոր դերակատարը Քլեր Ֆոյն էր: Առաջիկա երրորդ և չորրորդ եթերաշրջաններում Էլիսաբեթ Երկրորդին կմարմնավորի Օլիվիա Քոլմանը:
Սերիալի ստեղծողները դեռ չեն հայտնել չորրորդ եթերաշրջանի թողարկման մասին, բայց հայտնի է, որ նկարահանումները նախատեսված են այս տարի, իսկ հանդիսատեսի դատին կհանձնվի արդեն 2020 թվականին: Այն կպատմի 1979-1990 թվականներին Թետչերի ղեկավարության շրջանի մասին:
Ջիլիան Անդերսոնը, որը «X-Files» հեռուստասերիալում հայտնի է գործակալ Դանա Սկալլիի դերակատարմամբ, Թետչերին կխաղա հասուն տարիքում: