Տարածքում գազաֆիկացման ծրագիրը 70 տոկոսով լուծվել է իրանական 2 մլն դոլարի դրամաշնորհի շնորհիվ, խնդրի վերջնական լուծումը կմեծացնի տարածքի ներդրումային գրավչությունը. Մեղրիի համայնքապետ
Գազաֆիկացման խնդրի վերջնական լուծումը կմեծացնի տարածքի ներդրումային գրավչությունը: Այս մասին օգոստոսի 31-ին Մեղրիում տեղի ունեցած ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստում ասաց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը:
Նրա խոսքով՝ տարածքում գազաֆիկացման ծրագիրը 70 տոկոսով լուծվել է իրանական 2 մլն դոլարի դրամաշնորհի շնորհիվ:
«Խնդրի լիակատար լուծման համար չի բավականացնում 246 մլն դրամ: Ընդ որում՝ գազ կստանան տարածքի բնակիչների 90 տոկոսը, եւ սա կլուծի ոչ միայն քաղաքացիների կենցաղային խնդիրները, այլեւ կմեծացնի տարածքի ներդրումային գրավչությունը»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ 2011 թվականի դեկտեմբերի 23-ին Հայաստանի եւ Իրանի միջեւ ստորագրված հուշագրի շրջանակում Իրանը համաձայնվել էր 2 մլն դոլարի դրամաշնորհ հատկացնել Իրանի հետ սահմանակից Մեղրի եւ Ագարակ բնակավայրերում գազաբաշխիչ ցանցի կառուցման համար: