Վենետիկում Պոլանսկու նոր ֆիլմն անվանել են լավագույնը «Դաշնակահարից» հետո (Տեսանյութ)
Վենետիկի 76-րդ կինոփառատոնի քննադատները ոգևորությամբ են ընդունել Ռոման Պոլանսկու «Սպան և լրտեսը» ֆիլմը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Դահլիճում եզրափակիչ տիտրերից հետո երկար ծափահարություններ և «Բրավո» բացականչություններ են հնչել:
Գործակալության թղթակիցը զրուցել է Ամելի անունով ֆրանսիացի լրագրողի հետ, որը ժապավենն անվանել է Պոլանսկու լավագույն ֆիլմը «Դաշնակահարից» հետո: «Հատկապես հաճելի է, որ նկարահանումների մի մասը տեղի է ունեցել Դրեյֆուսի հայրենի քաղաքում»,- ասել է լրագրողը:
«Սպան և լրտեսը» ֆիլմը հիմնված է սպա Ալֆրեդ Դրեյֆուսի իրական պատմության վրա, որը 19-րդ դարի վերջին սխալմամբ մեղադրվել է Գերմանիայի համար լրտեսության մեջ և աքսորվել արևադարձային կղզի: Գործը մեծ արձագանք է ունեցել ամբողջ Եվրոպայում, և, ըստ Պոլանսկու, «հիմնարար փոփոխությունների պատճառ է հանդիսացել ամբողջ աշխարհում»:
Ֆիլմում գլխավոր դերերը խաղացել են Ժան Դյուժարդենը, Լուի Գարելը, Մաթիե Ամալրիկը և Էմանուել Սենյեն: