Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին
Ռուսական РЕН ТВ հեռուստաալիքն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործին: Նշվում է, որ Հայաստանի իշխանությունները դատավորների վրա ճնշում են գործադրում Քոչարյանի գործի առնչությամբ:
«Տեղի արդարադատությունը մեկ անգամ չէ, որ նրան անմեղ է ճանաչել, սակայն, չնայած ամենին, իշխանություններն անընդհատ նոր պատճառներ են գտնում Քոչարյանին ճաղերի ետևում պահելու համար: Այժմ նրանք ուղղակի կերպով դատավորներին են հետապնդում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվում, հալածանքներ իրականացվում մամուլի միջոցով»,- ասված է հոդվածում:
Հեռուստաալիքը հիշեցնում է, որ 2008թ.-ի մարտին նախագահական ընտրություններում խախտումների վերաբերյալ բողոքի ակցիաները զանգվածային անկարգությունների էին վերածվել, ամբոխը սկսել էր ջարդուփշուր անել ու այրել խանութները, ծեծել ոստիկաններին, իսկ Քոչարյանը, որն այդ ժամանակ երկրի ղեկավարն էր, ճգնաժամը դադարեցնելու համար արտակարգ դրություն էր մտցրել:
«Այժմ ստացվում է, որ Փաշինյանը, որն այն ժամանակ ճաղերի ետևում էր հայտնվել, վրեժ է լուծում՝ փորձելով հասնել նրան, որ Քոչարյանը մեղավոր ճանաչվի իշխանության ուզուրպացիայի համար: Անհեթեթ է հնչում. երկրի գործող նախագահն արտակարգ դրություն հայտարարելու իրավունք ուներ, դրա համար էլ դատավորները փորձում են հանել մեղադրանքը, Փաշինյանը, սակայն, թույլ չի տալիս»,- նկատում է հեռուստաալիքը:
Հոդվածի համաձայն՝ երկրի Սահմանադրական դատարանը մինչ այժմ ընդդիմանում է Քոչարյանին հետապնդելու փորձերին և արդյունքում երկու նախագահ ունի՝ Հրայր Թովմասյանը, որն ի սկզբանե այդ պաշտոնում է եղել, և Վահե Գրիգորյանը, որին «նշանակել են վերևից»:
Հեռուստաալիքն ընդգծում է, որ Սահմանադրական դատարանի անդամներին, ցմահ և բավականին բարձր կենսաթոշակով գայթակղելով, առաջարկում են ինքնակամ հեռանալ, որպեսզի նրանց փոխարինեն ավելի կառավարելի կադրերով:
Եզրափակելով հեռուստաալիքը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն է ենթարկել լրատվամիջոցներին, օրենսդիր և գործադիր մարմիններին, իսկ այժմ ամեն ինչ տանում է դեպի դատարանների անկախության վերացման:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի գործով նոր նիստը, ինչպես հույս են հայտնել նրա փաստաբանները, տեղի կունենա այս հինգշաբթի, եթե հերթական անգամ չհետաձգվի: