Սուլամիթայի նամակը՝ Սևակին
«Թանկագին իմ սատանի ճուտ,
Բոլորն աշխատանքից գնացել են, իսկ ես լուռ գրում եմ քեզ. Ճիշտ է, տկտկում է գրամեքենան, բայց և այնպես. Մի պահ, որպես ձայն... Այսօր մեր մոսկովյան բոլոր ցրտերի ցուրտն է: Սառչում է ամեն ինչ՝ և մուշտակի դրսինը, և ներսինը: Մուշտակն իմ էլի նույնն է... Ոտնաման-բեռնատարներս նույնպես...
Արդյոք ե՞րբ ես քեզ կտեսնեմ: Ձմեռ և ամառ, գարուն և աշուն... Իսկ որտեղ է տարվա հինգերորդ եղանակը: Շատ կարևորը, մեր եղանակը...
Նկատե՞լ ես դու արդյոք, որ այնտեղ, ուր ամռանը դու հանգիստ անցնում էիր ծառերի ճյուղերի տակով, հիմա գրեթե անանցանելի են, նրանք ցրտից սառչելով կուչ են գալիս, կռանում շատ ավելի ներքև, եթե մթնշաղին անցնես, ճանկռտում են դեմքդ: Իսկ եթե մտասույզ ես, դա կլինի հենց Աստծո պատիժ...
Մենք հուզմունքից թաքցնում ենք ձեռքներս, անհարմարությունից՝ ոտքերս, ինչո՞ւ մարդիկ երբեք չեն թաքցնում դեմքերը... միայն հուզմունքից և այն էլ մի րոպեով...
Շատ ցավալի է... Ցավալի է, որ քեզ ներկայացրել են մրցանակի... Նրանք, ովքեր կկարդան գիրքը, կասեն՝ ոչինչ, բայց... Իսկ ովքեր կկարողանան կարդալ ու հասկանալ քեզավարի, նրանք մրցանակներ չեն շնորհում: Եվ կրկին դու՝ ապօրինի ծնունդ, ո՞վ գիտի...
Գիրքդ չեմ կարողանում ձեռք բերել, մեզ մոտ խանութներում այն չի եղել, իսկ բազայի մի քանի օրինակները թռցրել են, այնպես որ սպասում եմ քո «հավատարմությանը»:
Շուտով քեզ սկսելու են մեզ մոտ տպագրել, այնպես որ հատուկ ընտրիր մի ոչ մեծ շարք և ուղարկիր... Կթարգմանեն կամ Մեժելայտիսը, կամ բոլոր դեպքերում, որևէ մեկը լավագույններից: Դա կկոչվի «Ժողովուրդների բարեկամություն»... ԵՎ դա կլինի քո առաջին երթը իմ ճանապարհով, դեպի ինձ:
Ես միշտ սիրում եմ քեզ, իսկ վերջերս քիչ մնաց խելքս թռցնեի... Դա, երբ դու ինձ հետ խոսում էիր ստուդիայից, քո բոլորովին անհասկանալի լեզվով, այն հազարավոր առավոտներից մեկն էր, երբ ես միացնում եմ ռադիոն և, այնուամենայնիվ, լինում են հեքիաթներ... Իսկ ես լսում ու լալիս էի. հետո իմ աշխատակիցներն ասացին՝ բանաստեղծությունից չեն լալիս... Ո՞վ գիտե, ինչից են լալիս: Լաց են լինում արցունքներից. ահա այն, ահա ձայնը. իսկ ռադիո՞ն գրկել, ի՞նչ է:
Քո ևս մի Նոր տարին շնորհավոր, իմ առաջին և վերջին:
Իմ նամակները բացահայտ կորչում են, նոր հասցե ուղարկիր:
Քո Ս.
20.12.1962