Հայաստանը փաստացի զավթվել էր նախորդ քաղաքական իշխանության կողմից. Transparency International
Շատ կարեւոր է, որպեսզի ոչ միայն խոսվի այն մասին, որ Հայաստանում եղել է կոռուպցիա, որ այն եղել է համատարծ կամ կրել է համակարգային բնույթ, այլեւ նշվի, որ տեղի է ունեցել երկրի զավթում նախորդ քաղաքական իշխանության կողմից:
Հուլիսի 26-ին «2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարություն. նախագիծ, գնահատականներ եւ մտահոգություններ» թեմայով քննարկումների ընթացքում այս մասին ասաց Երեւանում Transparency International միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:
Ընդ որում, նրա կարծիքով, տվյալ փաստին պետք է համապատասխան իրավական եւ քաղաքակնա գնահատական տրվի, այդ թվում նաեւ ԱԺ կողմից:
«Կարեւոր է, որ տվյալ գնահատականը տրվի նաեւ հակակոռուպցիոն ռազմավարության ձեւավորման համատեքստում», - ընդգծեց Այվազյանը:
Նշենք, որ մինչ այդ Հայաստանի արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հասարակության պահանջով լրամշակված կառավարության «Հայաստանի 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների ծրագրի հաստատման մասին» նախագիծը։ Ռազմավարությամբ, մասնավորապես, կանխորոշվում են հակակոռուպցիոն քաղաքականության ուղղությունները առաջիկա տարիներին, ինչպես նաեւ հակաոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը։ Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի երեք հիմնական ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխումը, կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը եւ հակակոռուպցիոն գիտելիքներն ու տեղեկացվածությունը։