ԱՄՆ պաշտպանության նախարարը հայտարարել է Իրանի հետ բանակցելու պատրաստակամության մասին
ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերը, որը պաշտոնում հաստատվել է երեքշաբթի օրը, հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում լարվածության հետագա թեժացում Պարսից ծոցի շրջանում եւ պատրաստ է բանակցել Իրանի հետ առանց նախապայմանների, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մենք չենք ցանկանում լինել մի իրավիճակում, երբ պատահում են սադրանքներ, երբ զավթվում են նավեր եւ տեղի են ունենում ինչ-որ նման բաներ, եւ երբ լարվածությունը խորանում է։ Մենք փորձում ենք հասնել լիցքաթափման»,- ասել է Էսփերը լրագրողներին։
Որպես օրինակ նա նշել է իրանական լցանավի կալանումը Ջիբրալթարում բրիտանական իշխանությունների կողմից եւ բրիտանական լցանավի կալանումը Իրանի կողմից։ «Դա դառնում է ակն ընդ ական։ Եվ մենք ցանկանում ենք խուսափել նման իրավիճակներից»,- ասել է Էսփերը։
«Մեր ազդանշանը նրանց (Իրանին) շատ պարզ է, որ առանց որեւէ նախապայմանի ցանկացած ժամանակ, ցանկացած տեղում մենք ցանկանում ենք հանդիպել եւ խոսել այն մասին, թե ինչպես կարող ենք վերադառնալ բանակցություններին»,- ավելացրել է նախարարը։
Լրագրողների հետ Էսփերի խոսակցության սղագրությունը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Իրանի հետ բանակցությունների պատրաստակամության մասին հայտնել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ պետքարտուղար Մայք Պոմպեոն։ Չնայած Վաշինգտոնում պաշտոնապես նախապայմաններ չեն առաջադրում՝ հնարավոր բանակցությունների թեմատիկան չի բավարարում Թեհրանին. Թրամփը ցանկանում է կնքել նոր պայմանագիր 2015-ի «միջուկային գործարքի» փոխարեն, որից ԱՄՆ-ը դուրս է եկել անցած տարի։ Այս փաստաթղթում, ամերիկյան ղեկավարի կարծիքով, պետք է արտացոլվեն քաղաքականությունը փոխելու Իրանի ինչ-որ պարտավորություններ, առաջին հերթին՝ հրաժարում արտասահմանում «ահաբեկչությանն աջակցելուց»։ Բացի այդ, մի շարք պահանջներ վերաբերում են երկրի ներքին քաղաքականությանը։ Հակառակ դեպքում ԱՄՆ-ը սպառնում է ուժեղացնել պատժամիջոցների քաղաքականությունն Իրանի դեմ։ Իսլամական հանրապետության իշխանությունները հերքում են ահաբեկչության աջակցության մասին մեղադրանքները եւ պահանջում դադարեցնել ԱՄՆ միջամտությունը երկրի իրավիճակին։