Մենք չենք կարող գլուխ հանել. Ամերիկացիները կօգնեն մեզ աղբահանման հարցում
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և Հայաստանի Ամերիկյան համալսարանը հուլիսի 24-ին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը, մասնավորապես, վերաբերում է Հայաստանում աղբագոյացման և աղբահավաքման մասին տվյալների շտեմարանի և քարտերի ստեղծմանը։ Հուշագրի ստորագրումից առաջ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշել է, որ կոշտ աղբի վերահսկման և վերացման հարցով հսկայական աշխատանք է կատարվել։ «Ցավոք, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Մենք նախատեսում ենք, որ պետք է, սկզբի համար, ավելի թափանցիկ դարձնենք մեր ռազմավարությունը, որպեսզի ճշտենք քայլերը, որոնցով պատրաստվում ենք առաջ ընթանալ, և այս համատեքստում Հայաստանի Ամերիկյան համալսարանի գիտական ներուժը, ինչպես նաև միջազգային փորձի հասանելիությունը կարող են մեզ համար շատ օգտակար լինել։ Իսկ ինտերակտիվ քարտը, որը պետք է ցուցադրի գոյություն ունեցող իրողությունները, ոչ միայն ռազմավարական, այլ նաև մարտավարական կառավարման լավ գործիք է, հատկապես այս փուլում»,- ընդգծել է փոխնախարարը։
Իր հերթին, Հայաստանի Ամերիկյան համալսարանի ռեկտոր Քարին Մակիդեսը գոհունակություն է հայտնել նման համագործակցության առիթով՝ նշելով, որ միջազգային փորձի կիրառումը հանրապետությունում կարող է բավական դրական արդյունքներ ունենալ, հատկապես աղբի վերահսկման հարցում։