Իրանի նախագահն առաջարկել է օգտագործել ազգային արժույթները Հայաստանի հետ երկկողմ առևտրում
Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջարկել է օգտագործել ազգային արժույթները Հայաստանի հետ երկկողմ առեւտրում։ Այս մասին նա ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպման ընթացքում, տեղեկացնում է Tasnim-ը։
Ռոհանին ընդգծել է երկկողմ առեւտրային կապերի եւ տնտեսական համագործակցության ընդլայնման ջանքերի անհրաժեշտությունը։ «Տնտեսական հարաբերությունները կբարելավվեն բանկային կապերի համատեքստում, եւ մենք կարող ենք թեթեւացնել եւ արագացնել երկու երկրների առեւտրային կապերը՝ օգտագործելով (Հայաստանի եւ Իրանի) ազգային արժույթները»,- ավելացրել է նա։
Նա նշել է, որ Իրանը, Հայաստանը եւ տարածաշրջանի մյուս երկրները կարող են աշխատել միասին էներգետիկայի, էլեկտրաէներգիայի արտադրության եւ տրանսպորտի ոլորտում։ Նրա խոսքով՝ Իրանը, Հայաստանը եւ Վրաստանը կարող են միացնել Պարսից ծոցը եւ Օմանի ծովը Սեւ ծովին՝ հայտարարելով, որ այդ երթուղին կամրապնդի հարեւանների կապերը։
Ռոհանին նշել է, որ Թեհրանը եւ Երեւանը կարող են ընդլայնել հարաբերությունները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին, եւ վստահություն է հայտնել, որ Իրանը հաղթող դուրս կգա ԱՄՆ-ի հետ «անհավասար դիմակայությունում»։
Իր կողմից՝ Հայաստանի փոխվարչապետն ասել է, որ էներգետիկ եւ առեւտրային համաձայնությունները Թեհրանի եւ Երեւանի միջեւ կիրականացվեն առաջիկայում։
Գրիգորյանը նաեւ նշել է, որ Հայաստանը նախագահում է ԵՏՄ-ում։ «Մենք պատասխանատվություն ենք զգում Եվրասիայի հետ Իրանի հարաբերություններն առաջ մղելիս եւ հնարավոր ամեն ինչ կանենք այդ նպատակին հասնելու համար»։