Չի բացառվում, որ Էրդողանի և թուրքական ընդդիմության միջև մի ինչ-որ պայմանավորվածություն կա. փորձագետ
Չի բացառվում, որ Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմության միջև մի ինչ-որ պայմանավորվածություն կա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հուլիսի 1-ին ասել է թյուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ մեկնաբանելով Ստամբուլի քաղաքապետի ընտրությունների արդյունքները։
Նրա խոսքով՝ բավական է իշխանական կուսակցության պասիվ վարքագիծն ընտրություններում, ինչպես նաև երկրորդ պարտության հանգիստ ընդունումը, որոնք կարող են վկայել հենց այդ մասին։ «Ստամբուլը Թուրքիայի տնտեսական կենտրոնն է, և քաղաքապետի ընտրություններն այս դեպքում արտացոլում են իշխանությունների հանդեպ վստահության մակարդակն ընդհանրապես, ինչի մասին ժամանակին խոսում էր ինքը՝ Էրդողանը»,- ասել է նա։ Տիրան Լոքմագյոզյանը ավելացրել է, որ, չնայած դրան, Էրդողանը իշխանության տարիներին կարողացել է ստեղծել ամուր հենք այն բանի համար, որպեսզի իշխանությունում մնա երկար տարիներ։ «Իր նախորդի ընտրության տեսակետից Էրդողանը հասկանում է, որ իշխանության հանձնումը հորից որդուն, ինչպես դա եղավ Ադրբեջանում, Թուրքիայում անհնար է՝ հաշվի առնելով նաև նրա որդիների չգոհացնող անձնական հատկանիշները»,- նշեց փորձագետը։ Տիրան Լոքմագյոզյանն ընդգծել է, որ արտաքին ուժերը նույնպես առայժմ չեն սպառնում Էրդողանի իշխանությանը, այդ թվում հաշվի առնելով ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունները՝ Ս-400 ԶՀՀ-ների գնման հետ կապված։ «ԱՄՆ-ը կմնա Թուրքիայի դաշնակիցն այնքան ժամանակ, քանի դեռ Անկարան չի գնա շատ կտրուկ, ռազմավարական շրջադարձի Ռուսաստանի հետ հարաբերություններում»,- ամփոփել է նա։
Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետի երկրորդ ընտրություններում հաղթել է հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն։