Ներկրվող ցեմենտի 14 հազար դրամ տուրքը կարող է վերանայվել՝ կախված նրանից, թե իրանական ցեմենտի գինը ոնց կփոփոխվի. Թունյան (տեսանյութ)
Ներկրվող ցեմենտի ներկրողներըի բողոքները արդարացված էին այնքանով, որ յուրաքանչյուր գործարար ցանկանում է, որ մաքսիմալ լինի իր շահույթը եւ առավելագույն օգուտ ստանա: Այս մասին, այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով նրան, որ որոշվել է ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառել՝ տեղական արտադրողին աջակցելու նպատակով:
Նշենք, որ այսօր ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա էին իրականացրել իրանական ցեմենտ ներկրող ընկերությունները՝ նշելով, որ տուրք սահմանելը արվում է տեղական արտադրողի մոնոոպոլիա հաստատելու համար:
Թունյանը նշեց, որ իրենք բողոքողներին ընդունել են եւ ներկայացրել իրենց դրդապատճառները, թե ինչու են նման տարբերակի գնացել:
«Ինձ թվում է՝ մեր պատասխաններն ու հիմնավորումներն իրենց բավարարեցին: Մենք հրապարակային հայտարարել ենք, որ պետական տուրքը սահմանվում է մեկ տարի ժամկետով: Ընդ որում, ոչ թե մեկ տարի հետո, այլ այդ մեկ տարվա ընթացքում ըստ իրավիճակի փոփոխության այդ տուրքը կարող է վերանայվել, ընդհուպ մինչեւ կարող է տուրքն ընդհանրապես դուրս գալ՝ կախված նրանից, թե Իրանում զարգացումներն ինչպես կլինեն եւ իրանական ցեմենտի գինը ոնց կփոփոխվի»,-ասաց հանձնաժողովի նխագահը:
Նա ընդգծեց, որ օրենքն այս պահին շատ ճիշտ է, 14 հազար դրամ տուրքը կախված է այս պահին շուկայում ներսում արտադրվող եւ դրսից ներկրվող ցեմենտի ինքնարժեքից. «Հիմա եթե տեղական շուկայի ցեմենտի ինքնարժեքը կփոխվի կամ իրանական ցեմենտի ինքնարժեքը կփոխվի այնպիսի չափով, որ լուրջ փոփոխությունների կարիք կառաջացնի, բնականաբար, պետք է օպերատիվ ձեւով վերանայենք:
Եթե տեղական շուկայի համար ներկրվող ցեմենտի տուրքը ներդրվեց, դա նշանակում է, որ տեղական արտադրողն իր հերթին պետք է քայլ ձեռնարկի, որ ավելի մցրունակ դառնա, որ ամեն անգամ ստիպված չլինեն տեղական արտադրողին պաշտապող միջոցներ ձեռնարկենք:
Մենք թվերով ցույց տվեցինք, որ ներկրողների համար 14 հազար դրամի տուրքը ոչ միայն իրենց կողմից ներկրվող ցեմենտի գինը բարձրացնելու է այլ անգամ որոշ չափով իջեցնելու է: Ընտրվել է այնպիսի տուրք՝ 14 հազար դրամ, որ ոչ մի կողմ այդտեղից տուժած դուրս գա:
Բնականաբար, իրենց կուզենային, որ ընդհանրապես չլիներ տուրք, բայց այդ դեպքում մենք տեղական արտադրողներին կկանգնացնեինք շատ մեծ խնդիրների առջեւ»,-ասաց Թունյանը:
Նա ընդգծեց, որ եթե իրանական ցեմենտ թանկանա կախված այդ երկում փոխարժեքի աճից, կարող է տուրքը ընդհանրապես հանվի, որովհետեւ տեղական արտադրողը պաշտպանության կարիք չի ունենա, իսկ եթե օրինակ, Իրանական արժույթն էլ ավելի արժեզրկվի, իրանական ցեմենտն ավելի էժանանա, կարիք կլինի տուրքը բարձրացնել: