Երևանում վիրավորում ստացած 17-ամյա երեք երիտասարդներից երկուսին վիրահատել են
Երևանում մայիսի 30–ին սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից վիրավորում ստացած 17-ամյա երեք երիտասարդներից երկուսին վիրահատել են։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը:
Նա նշեց, որ երիտասարդներից մեկը, որն ունեցել է ողնաշարի շրջանում կտրած–ծակած վերք և վերին վերջույթի վնասվածք, ստացել է համապտասխան բժշկական օգնություն և դուրս գրվել՝ համապատասխան բժշկական ցուցումներով։
Մյուս երիտասարդը, որն ուներ բազմակի կտրած–ծակած վերքեր՝ մարմնի տարբեր հատվածներում՝ մասնավորապես կրծքավանդակի և ստոծանու շրջանում վնասվածք, ենթարկվել է վիրահատական միջամտության, այժմ վիճակը գնահատվում է կայուն։
Մյուս երիտասարդը, որը նույնպես ստացել է բազմաթիվ կտրած–ծակած վերքեր, ևս ենթարկվել է վիրահատության. նրա վիճակը ներկա պահին գնահատվում է բավարար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հերացու» թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ, որոնք մարմնի տարբեր մասերում ստացել են սուր կտրող-ծակող առարկայից հարվածներ:
Ոստիկանները պարզել են, որ տուժաշները 17 տարեկան են:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանները պարզել են, որ երիտասարդներին մարմնական վնասվածքներ հասցրել է 18-ամյա մի տղա՝ Այգեստանի 10-րդ փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նա ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: