Դատական համակարգից ճգնաժամի սիգնալներ են գալիս․ պետք է ժամ առաջ գնալ վիրահատական միջամտության (տեսանյութ)
Մեր երկրի դատական համակարգի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող զարգացումներից հետո եղավ դատավորների արտահերթ ընդհանուր ժողովի հայտարարությունը: Դատավորները սլաքներն ուղղեցին Բարձրագույն դատական խորհրդի կողմը՝ նշելով՝ «Բարձրագույն դատական խորհրդի անգործությունը չի արտահայտում դատավորների հավաքական կամքը, և այդ մարմինը գործնականում չի երաշխավորում դատավորների անկախությունը»:
Այս հայտարարությունը շատերը որակեցին որպես անատամ, հարմարվողական ու անգամ ուշացած. «Առաջին լրատվական»-ի այս դիտարկմանը ի պատասխան՝ փաստաբան Նորայր Նորիկյանը մասնավորապես նշեց. «Ինքս հնարավորություն եմ ունեցել արձագանքելու դատավորների ընդհանուր ժողովի հայտարարությանը՝ հայտնելով, որ ես ակնկալում էի ավելի հիմնավոր և համակարգային վերլուծություն՝ կապված դատական իշխանության նկատմամբ ստեղծված համակարգային ճգնաժամի հետ, և դրա հաղթահարման ուղիների վերաբերյալ ակնկալում էի, որ դատավորների ընդհանուր ժողովը հանդես կգա համապարփակ առաջարկություններով, և իրենք իսկ կներկայացնեն համակարգը առողջացնելու այն հիմնական բանաձևերը, որոնք այսօր ենթադրում եմ դատական համակարգի առողջացում»:
«Ըստ էության, դատարանների ընդհանուր ժողովը արձանագրում է, որ, այո, դատական իշխանության ներսում առկա է խնդիր, դատական իշխանության նկատմամբ առկա է նաև հասարակության վստահության ճգնաժամ, բայց ինձ համար ընդունելի չէ, որ դատական իշխանության նկատմամբ այդ վստահության ճգնաժամը կամ հավատի բացակայությունը դատավորների ընդհանուր ժողովը փորձում է պայմանավորել ԲԴԽ-ի անգործությամբ:
Ես համաձայն եմ, որ այս կարճ ժամանակահատվածում ԲԴԽ-ն էլ չի փայլել իր աշխատանքով և իսկապես չի կատարել իր իրավունքներն ամբողջությամբ, բայց դա չի նշանակում, որ դատական համակարգը, և մասնավորապես՝ դատարանները, դատավորները սուրբ են: Կիզակետում հենց դատարաններն են»,- նկատեց փաստաբանը: