Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները բացել են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը (ուղիղ)
Բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները քիչ առաջ բացել են Բաղրամյան պողոտան և Դեմիրճյան փողոցը, նրանք բողոքի ակցիան շարունակում են իրականցնել Բաղրամյան պողոտայի հանդիպակաց 2 մայթերին: Ցուցարարների խոսքով՝ իրենց պահանջը հանդիպումն էր ԱԺ ղեկավարության հետ:
Այս պահին ակցիայի մասնակիցներից 5 հոգանոց խմբին ընդունել է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
«Չենք հեռանալու, սպասելու ենք Թունյանի հետ հանդիպող մեր խմբի պատասխանին, եթե պատասխանը չգոհացնի, կրկին փակելու ենք Բաղրամյան պողոտան»,- ասաց ցուցարարներից մեկը:
Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ի առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից և ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել են Բաղրամյան պողոտան եւ պահանջում են հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:
Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը և պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարևոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում: