Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն. Արթուր Վանեցյան
Բոլորը պետք է ենթարկվեն վեթինգի, այդ թվում ԱԱԾ–ն, այդ թվում, եթե անհրաժեշտություն լինի ԱԱԾ ղեկավարը։ Այս մասին այսօր՝ մայիսի 28–ին Սարդարապատում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Հարցին, թե մտավախություն չունի՞, որ վեթթինգի արդյունքում ջրի երես դուրս կգան նախորդ իշխանությունների հետ ունեցած իր ունեցած կապերը՝ հաշվի առնելով, որ նախկին համակարգում է աշխատել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց.
«Ի՞նչ կապեր ունեմ, որ ջրի երես դուրս չի եկել, կա՞ էստեղ մի հոգի, ով նախկին համակարգում չի աշխատել, ես ծառայել եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Հիշեցնենք, որ մայիսի 20–ի առավոտից Նիկոլ Փաշինյանի հրահանգով քաղաքացիները արգելափակել էին Հանրապետության բոլոր դատարանների մուտքերը և ելքերը։
Կեսօրին վարչապետը կառավարությունում խորհրդակցություն անցկացրեց դատական համակարգում տիրող իրավիճակի կապակցությամբ եւ ասաց, որ եկել է «վիրահատական միջամտություններ» իրականացնելու ժամանակը։ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանում գործող բոլոր դատավորները պետք է ենթարկվեն, այսպես ասած, vetting-ի: Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին: