Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրել է Շոպենի ստեղծագործությունները
Մայիսի 16-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ հանրահայտ դաշնակահարուհի Վալենտինա Բաբորը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ նվագախումբը ներկայացրեց Ֆրեդերիկ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտը։
Վալենտինա Բաբորը երրորդ անգամ է Հայաստանում. Երևանում ելույթ է ունեցել 2014 և 2016 թվականներին։ Նա նկատում է, որ մարդիկ այստեղ շատ ջերմ, սիրալիր և բացսիրտ են, և իր համար հաճելի է լինել մեր երկրում: Դաշնակահարուհին խոստովանում է, որ Շոպենի Դաշնամուրի թիվ 1 կոնցերտն իր ամենասիրելի ստեղծագործություններից է։ Այն տասնամյակներ առաջ նվագել է դեռևս իր պապիկը բարեգործական համերգում՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմում վիրավորված մարդկանց։
Բաբորը բարձր է գնահատում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը։ «Նրանք շատ պրոֆեսիոնալ են, հիանալի հնչողություն ունեն: Շոպենի ստեղծագործության կատարման ժամանակ կարողանում են իսկապես լսել, հետևել և զգալ նույնիսկ իմ ամենափոքր տեմպային փոփոխությունները»,- ասում է դաշնակահարուհին: