Կոնդի վերակառուցման հայեցակարգի մշակման հանձնաժողովում կներգրավվեն նաև բնակիչները․ Արթուր Մեսչյան
Կոնդի բնակիչները
մայիսի 17-ին հավաքվել էին քաղաքապետարանի առջև՝ պահանջելով իրենց
տարածքների նոր ու ճշգրիտ չափագրում: Նրանց ընդունել է Երևանի գլխավոր
ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Բնակիչների պնդմամբ՝ ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում առկա
չափագրման տվյալները չեն համապատասխանում փաստացի չափերին: Ոմանք սեփական
միջոցներով պատվիրել են լրացուցիչ չափագրում, սակայն Կոմիտեն այդ տվյալները
չի ընդունել:
«Կատարվել
են թերի չափագրումներ, և հիմա մենք պահանջում ենք, որ կատարվի լրացուցիչ
չափագրում: Կան նաև տներ, որ ընդհանրապես ներառված չեն տվյալների որևէ
համակարգում: Մի շարք տներ ու տարածքներ էլ մինչ օրս չեն սեփականաշնորհվել,
և առկա են միայն վարձակալության պայմանագրերը, մինչդեռ օրենսդրությամբ
դրանք վաղուց պետք է փոփոխված և սեփականաշնորհված լինեին»,-նշել է
բնակիչներից Նաիրա Երեմյանը:
«Կոնդը փոքր քաղաք է, և մինչև ճշգրտումներ չարվեն, չի կարող որևէ
նախագիծ լինել: Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Կոնդի որևէ բնակիչ չտուժի:
Դրա համար այժմ քննարկում ենք և ուզում ենք գտնել տարբերակներ, որից կշահեն
և՛ բնակիչները, և ՛ քաղաքը»,- ընդգծել է Արթուր Մեսչյանը:
Կոնդն ամբողջությամբ հանրային գերակա շահ ճանաչելու գաղափարին
բնակիչների զգալի մասը դեմ է, հատվածաբար կառուցապատման միտքն ավելի
ընդունելի են համարում:
Երևանի գլխավոր ճարտարապետը տեղեկացրել է, որ կձևավորվի Կոնդի
վերակառուցման հայեցակարգը մշակող հանձնաժողով, որի աշխատանքներում
կներգրավվեն ինչպես պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այնպես էլ՝
բնակիչներ: Հայեցակարգի մշակումից հետո միայն ճարտարապետները կանցնեն
նախագծային փուլին:
«Մեկ կամ մի քանի օրում այս բոլոր հարցերին պատասխանել, իհարկե, չենք
կարող, սակայն մանրամասն ուսումնասիրելուց հետո կկազմակերպենք մեր հաջորդ
հանդիպումը»,-ասել է Մեսչյանը: