Ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն
Այսօր՝ մայիսի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը ասել է, որ ոչ ոք իրավունք չունի հայտարարելու, թե Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն։ :
«Ի դեպ, մենք քչերից ենք, որ պնդում ենք, որ զոհվածների մահանալու հանգամանքները այնպայման պետք է քննել: Եվ ոչ ոք իրավունք չունի ասել, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է՝ մինչև բոլոր մահերը պարզված չլինեն»,- ասաց նա։
Հարցին՝ արդյոք պաշտպանական կողմը համաչափ է համարում մարտյան դեպքերին «Չերյոմուխա» տեսակի հատուկ միջոցի կիրառումը, Ալումյանը պատասխանեց. «Չերյոմուխայի արդյունքում մարդիկ ստացել են վնասվածքներ, և նաև զոհվածներ են եղել, բայց երբ մենք խոսում ենք ուժի անհամաչափ կիրառման մասին, մենք խոսում ենք հետևյալի մասին՝ ինչպե՞ս կարելի է ասել, որ պետությունը կիրառել է անհամաչափ ուժ այն դեպքում, երբ 187 մարմնական վնասվածք ստացածները եղել են ոստիկաններ, իսկ 32 մարմնական վնասվածք ստացածները՝ քաղաքացիներ»։ Նա հավելեց, որ կան դատավճիռներ, որոնք հիմնավորում են, որ ցուցարարները նռնակներ կամ զենք-զինամթերք են կիրառել: