Բրյուսելում Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպել է իռլանդացի գործընկերոջ հետ
Մայիսի 13-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Իռլանդիայի ԱԳ նախարար Սայմոն Քովենիին:
Արտգործնախարարներ Մնացականյանը և Քովենին ընդգծեցին տարբեր ոլորտներում Հայաստանի և Իռլանդիայի միջև համագործակցության խորացման ուղղությամբ առկա մեծ ներուժը՝ շեշտելով փոխադարձ հանձնառությունը գործնական քայլեր ձեռնարկելու երկխոսության առավել ակտիվացման, ինչպես նաև երկկողմ օրակարգի հարստացման ուղղությամբ: Որպես համագործակցության կարևոր ուղղություն առանձնացվեց բարձր տեխնոլոգիաների, նորարարության, ստեղագործ կրթության ոլորտներում փորձի փոխանակմանն ուղղված ծրագրերի նախաձեռնումը:
Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին նաև միջազգային կառույցներում երկու երկրների միջև առկա համագործակցության և փոխադարձ աջակցության կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակը՝ որպես բազմակողմ համագործակցության, փոխշահավետ կապերի ստեղծման ձևաչափ:
Հայաստանի և Իռլանդիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր փոխանակեցին նաև Արևելյան գործընկերության 10-ամյակի և նախարարական հանդիպման ժամանակ ծավալված քննարկումների շուրջ՝ ընդծելով, որ հոբելյանը լավ առիթ է արձանագրված ձեռքբերումներին անդրադառնալու, ինչպես նաև հետագա համատեղ աշխատանքի հեռանկարները ուրվագծելու առումով:
Զրույցի ընթացքում նաև անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի: