Հայ երեխան Թուրքիայում մահմեդականություն է ընդունել
Արթուր անունով 13-ամյա հայ մի տղա (լուսանկարում) թուրքական
հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել է իր կրոնն ու անունը,
հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները` նշելով, որ Արթուրն ընտրել է Նիհաթ
մահմեդական անունը: Այդ մասին հայտարարվել է մահմեդականների սուրբ ամսվա՝
Ռամադանի առթիվ հեռարձակվող տոնական հաղորդումներից մեկի ժամանակ:
SHANTNEWS.am-ի աղբյուրը Ստամբուլից հայտնում է , որ Արթուրը ժամանակին
սովորել է Գումգափու թաղամասում գտնվող հայկական դպրոցում, այնուհետև որոշ
ժամանակ սովորել է հայկական վարժարաններից մեկում։ Դպրոցում ուսումնական
ծրագրի ընկալման դժվարություններ է ունեցել: Տղան ապրում է հայ մոր և քուրդ
հայրացուի հետ։
Դեպքին ծանոթ պոլսաբնակները չեն բացառում, որ հաշվի առնելով հաղորդման
սկանդալային տարրեր ունենալու հանգամանքը՝ երեխայի ընտանիքն այս շոուի
համար գումար է ստացել: