Այն գյուղերին, որոնք գազիֆիկացում են ուզում, պետք է այլընտրանք առաջարկենք. Փաշինյանը՝ արեւային էներգիայի մասին
Գազաֆիկացման հարցում կա գլոբալ խնդիր. Հիմա բոլոր գյուղերում ակնկալում են, որ գազ անցկացվի, բայց մենք դա չպետք է անենք նախկին տրամաբանությամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 11-ին, «Իմ քայլը՝ հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, նախկինում իշխանական թեկնածուները ասում էին՝ դե եթե ուզում ենք ընտրությունները հաղթենք, պիտի գազ քաշենք. «Միլիոնները ծախսում էինք, գազը քաշում էինք, 50 մլն դրամ ենք ծախսում գյուղը գազաֆիկացնում ենք, եւ ասենք առաջիկա 20 տարում այդտեղ սպառվում է ընդամենը 30 մլն դրամի գազ: Արդյունքում մնացած բոլոր բաժանորդների համար գազը թանկանում է: Գազիֆիկացման ամեն ծրագիր պետք է տնտեսական շահավետության համատեքստում գնահատվի»,-ասաց Փաշինյանը:
Նա կոչ արեց դուրս գալ ավանդական գազային տրամաբանությունից եւ ավելի շատ ուշադրություն դարձնել այլընտրանքային էներգետիկային. «Մանավանդ Գեղարքունիքի մարզում արեւի շատ մեծ էներգիա կա: Այն գյուղերին, որոնք գազիֆիկացում են ուզում, մենք պետք է այլընտրանք առաջարկենք: Մենք չենք կարող իրենց ասել՝ գազի խողովակաշարը թանկ է նստում, գազ չենք կարող քաշել»: