Դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը, չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին. Ղազինյանը՝ Փաշինյանին
Փաշինյանի մամուլի ասուլիսը շատ հարցեր առաջացրեց, որոնք պահանջում են կոնկրետ գնահատական և պատասխան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր, քաղաքագետ Արթուր Ղազինյանը։
«Մի քանի գրառումներով կանդրադառնամ ասուլիսի ընթացքում հնչած վտանգավոր և խիստ հակասական հայտարարություններին, իսկ հետո կտամ ընդհանուր գնահատական Հայաստանի իշխանության մեկ տարվա աշխատանքներին։
Եվ այսպես.
1. Հայաստանի նորագույն պատմության ընթացքում Հայաստանի ոչ մի իշխանություն իր կողմնակիցներին չի հանել իր դեմ բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց դեմ՝ հասկանալով դրա ծայրաստիճան վտանգավորությունը պետության և պետականության համար։
Հանել են ոստիկաններ, օլիգարխների թիկնազոր, թաղի խուժան, նաև բանակ, բայց իրենց կողմնակիցներին կոչ չեն արել դուրս գալ փողոց և պաշտպանել իրենց իշխանությունը։
Փաշինյանը, պատասխանելով իր դեմ հնարավոր բողոքի ցույցերի մասին, նշեց, որ երկրորդ հեղափոխություն կսկսի՝ փաստացի սպառնալով այդ ցույցերի դեմ փողոց հանել իր կողմնակիցներին։
Պարոն Փաշինյան, Հակաիշխանական ցույցեր և հանրահավաքներ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ, և կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը խաբում է մարդկանց, ստում ամեն խոսքում, կեղծում ինքն իրեն։
Այնպես որ սովորեք, դուք ոչ առաջինն եք, ոչ էլ վերջինը և ոչ մի պարագայում նույնիսկ չմտածեք բողոքող ժողովրդի դեմ հանել ձեր կողմնակիցներին։
Դրա պատասխանատվությունը շատ ծանր է լինելու . . .»,– գրել է Ղազինյանը։